ԱՄՆ պետդեպարտամենտի զեկույցը կանխակալ է և չի արտացոլում իրականությունը. Նովրուզ Մամեդով
Haqqin.az պորտալի փոխանցմամբ՝ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Նովրուզ Մամեդովը մեկնաբանել է ԱՄՆ պետդեպարտամենտի կողմից աշխարհի երկրներում 2013 թվականին մարդու իրավունքների մասին հրապարակված զեկույցը, որում նշված էր, որ Ադրբեջանի քաղաքացիները կորցրել են իրենց կառավարությանը խաղաղ ճանապարհով փոխելու իրավունքը.
«ԱՄՆ պետդեպարտամենտի տարեկան զեկույցը կանխակալ է և չի արտացոլում իրականությունը: ԱՄՆ-ը, ինչպես միշտ, այնպես էլ այդ զեկույցում կանխակալ դիրքորոշում է հայտնել Ադրբեջանում ընթացող իրադարձությունների կապակցությամբ:
Մենք չենք ընդունում այդ զեկույցը և կարծում ենք, որ այն կազմվել է սուբյեկտիվորեն: Զեկույցում տեղ գտած մարդու իրավունքների, ազատ արտահայտման ու ազատ հանրահավաքների վիճակի մասին գնահատականը հեռու է իրականությունից: Դժբախտաբար, մենք քանիցս բախվել ենք ԱՄՆ-ի կողմից մեր երկրի հանդեպ այդպիսի կանխակալ վերաբերմունքի:
Ադրբեջանի հանդեպ ամերիկյան քաղաքականության սուբյեկտիվությունը նկատվում է նաև Ղարաբաղյան հարցում: Չգիտես ինչու, ԱՄՆ-ը ցայժմ գնահատական չի տվել Խոջալուի (Իվանյան) դեպքերին, իսկ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ջեն Պսակին ընդհանրապես խուսափել է այդ մասին լրագրողի հարցին պատասխանելուց»: