Ադրբեջանի քաղաքացիները կորցրել են իրենց կառավարությանը խաղաղ ճանապարհով փոխելու իրավունքը. ԱՄՆ պետդեպարտամենտ

Haqqin.az պորտալի փոխանցմամբ՝ ԱՄՆ պետդեպարտամենտը նախօրեին հրապարակել է աշխարհի տարբեր երկրներում մարդու իրավունքների ու ժողովրդավարության մասին իր ավանդական տարեկան զեկույցը: ԱՄՆ պետդեպարտամենտի ավանդական քննադատության գլխավոր թիրախներից մեկը վերստին դարձել է Ադրբեջանը:

Զեկույցում քննադատության են ենթարկվել նախորդ տարի Ադրբեջանում անցկացված նախագահական ընտրությունները: Հենվելով այդ ընտրությունների վերաբերյալ ԵԱՀԿ/ԺՄԻԳ-ի գնահատականի վրա՝ Պետդեպարտամենտը նշել է, որ այդ ընտրությունները չեն համապատասխանել ԵԱՀԿ-ի մի շարք չափորոշիչների:

Զեկույցում ընդգծվում է, որ թեև Ադրբեջանում գործում է ավելի քան 50 քաղաքական կուսակցություն, սակայն նախագահի գլխավորած, իշխող «Ենի Աերբայջան» կուսակցությունը (ԵԱԿ) շարունակում է պահպանել իր գերիշխող դիրքը երկրի քաղաքական համակարգում:

Զեկույցում նշված է, որ նախորդ տարի Ադրբեջանում սահմանափակել են ազատ արտահայտվելն ու ազատ հանրահավաքներ անցկացնելը, իշխանությունները շարունակել են ահաբեկել իրավապաշտպաններին ու ժողովրդավարական ակտիվիստներին՝ դիմելով կալանավորումների ու ֆիզիկական բռնությունների:

Զեկույցում խոսք է գնում նախագահական ընտրությունների ընտրական կամպանիայում ընդդիմությանը ոչ հավասար հնարավորություններ տալու մասին: Ընդգծվում է, որ քաղաքացիները կորցրել են իրենց կառավարությանը խաղաղ ճանապարհով փոխելու իրավունքը:

Զեկույցում առանձին տեղ է հատկացված ադրբեջանական բանակի խնդիրներին, ինչը մասնավորապես վերաբերում է զինծառայողների հանդեպ անմարդկային վերաբերմունքին, նրանց ծանր պատիժներին, բանակային ամենաթողտվության դեպքերին: Ընդգծվում է, որ նախորդ տարի ոչ մարտական պայմաններում զոհվել է 69 զինծառայող:

ԱՄՆ պետդեպարտամենտի կարծիքով՝ Ադրբեջանում դատարաններն անարդար են, իրականացնում են ապօրինի կալանավորումներ, ինչպես նաև քաղաքական դրդապատճառներով ձերբակալություններ, դատական իշխանությունը կախված է գործադիր իշխանությունից:

Բացի այդ, Ադրբեջանի իշխանությունները ոտնձգություն են կատարում քաղաքացիների ունեցվածքի նկատմամբ և մարդկանց չեն տալիս արդար փոխհատուցում՝ նրանց մասնավոր շինությունների ավերման համար: Զեկույցում նշված է, որ Ադրբեջանի ողջ պետական ծառայությունը լեցուն է կոռուպցիայով:

Տեսանյութեր

Լրահոս