«Մնում է Մարտի մեկին Ռոբերտ Քոչարյանը ցույց անի, գա ու պահանջի իրողություն» (տեսանյութ)
Քանի դեռ խորհրդարանում ՀՀԿ-ն է մեծասնությունը բացառված է, որ Մարտի 1-ի որևէ հանձնաժողով որևէ կերպ նպաստի սպանությունների բացահայտմանը, տա որևէ անաչառ գնահատական: Աս մասին ԱԺ ամբիոնից հայտարարեց ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը՝ Մարտի մեկի հարցով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու նախագծի քննարկման ժամանակ:
«Քանի դեռ դուք կաք, դուք չեք թույլ տալու բացահայտվի ձեր օրոք տեղի ունեցած սպանդը. սա քաղաքական այբուբեն է, մեղադրանք չէ»,- նշեց նա: Արզումանյանի խոսքով՝ այդ ժամանակ կար երկու կողմ. մի կողմից ողջ համակարգն էր՝ կազմված նախագահից, վարչապետից, քննչական ծառությունից, ԱԱԾ-ից, ոստիկանությունից, իսկ մյուս կողմից մարդիկ էին, որոնց բանտ էին նետել:
Անդրադառնալով նախագծի հիմնական զեկուցող Գագիկ Ջհանգիրյանին տրված հարցերի բովանդակությանը, Ա. Արզումանյանը նկատեց. «Հարցեր տայիք Ռոբերտ Քոչարյանին, ով հեռուստատեսությամբ հայտարարում էր, թե ընդդիմադիրները զենքով կրակում են մարդկանց թիկունքից, սպանում են ոստիկաններին, ու սա ասվեց բացահայտ, բայց գեթ մեկ հոգի չդատապարտվեց զենք ունենալու համար, էլ չեմ ասում կրակելու համար: Բա մի հատ հարցնեիք՝ այ, պարոն նախագահ, էդ ի՞նչ ես պատմում: Արտգործնախարար կար, որ նույնը տարածեց անգլերենով, սաղ աշխարհին բացատրեցիք, որ ընդդիմադիրները հարձակվել են զենքով: Բա մի հատ հարցնեիք… Էդ հարցերը չեք տվել… Հիմա 27-ի գործով կասկածյալը հարցնում ա, թե ինչի՞ 27-ի գործով հանձնաժողով չստեղծեցիք (նկատի ունի Հայկ Բաբուխանյանին,- Տ. Մ.), դե ստեղծի, ո՞վ ա ձեռքդ բռնել, ազնիվ ցուցմունք տուր, կարող է բացահայտվի»: Հայկ Բաբուխանյանը տեղից արձագանքեց Արզումանյանի հայտարարությանը, ինչին հետևեց ընդդիմադիր պատգամավորի արձագաքը.
«Արա՛, ես նստելուց չեմ վախենում, երեք անգամ նստել եմ, դու քո մասին մտածի, տղա»:
Շարունակելով իր խոսքը` Ալեքսանդր Արզումանյանը շեշտեց, թե այսօր խորհրդարանում բացի «Ժառանգություն» ու ՀԱԿ խմբակություններից՝ բոլորը Մարտի 1-ի կոծկման մասնակից են: Այստեղ միջամտեց ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը՝ բղավելով, թե պետք չէ բոլորին մեղավոր ճանաչել: «Ես իմ կյանքում շատ բան եմ տեսել, բանակցել եմ քրդերի հետ, թուրքերի հետ, ինձ մի ընդհատեք ինձ: Ես երկիր եմ ներկայացրել, պատասխանատու եմ իր յուրաքանչյուր խոսքի համար, բան ունեք ասելու՝ կասեք»,- հակադարձեց Արզումանյանը:
Նրա գնահատմամբ՝ խորհրդարանում ավելի շատ գոլորշի բաց թողելու տարբերակ է պտտվում: Նա հայտարարեց, թե Մարտի 1-ի ողջ իրողությունը, բոլոր հանգամանքերը կբացահայտվեն միայն այն դեպքում, երբ ՀՀԿ-ն հեռանա իշխանությունից: «Երբ ուզում է դա լինի, քավ լիցի, կպահեք՝ ձեր շնորհքն է, չեք պահի՝ կգնաք բանտ: Սա անիմաստ քննարկում է, չեմ հասկանում մոտիվացիան: Վաղը մնում է Մարտի մեկին Ռոբերտ Քոչարյանը ցույց անի, գա ու պահանջի իրողություն: Բոլորը գիտեն, թե ինչ է կատարվել մարտի մեկին, հիմա եկել եք, դուք ստեղ չորս անգամ օրենք եք փոխել, որ կարանաք դատեք մեզ: Մոռացե՞լ եք, հո լուսնից չե՞նք իջել, գիտենք»: