Թուրքիայի խորհրդարանին ներկայացվել է Հայոց ցեղասպանության զոհերի սերունդներին քաղաքացիություն տրամադրելու մասին օրինագիծը

Թուրքական Demokrat Haber լրատվական կայքի փոխանցմամբ՝ քրդական «Խաղաղություն ու ժողովրդավարություն» կուսակցության (ԽԺԿ) պատգամավոր Էրոլ Դորան խորհրդարանի դիտարկմանն է ներկայացրել «Քաղաքացիության հատկացման մասին» օրենքում ուղղումներ կատարելու մասին օրինագիծը:

Օրինագիծը նախատեսում է քաղաքացիություն տրամադրել 20-րդ դարի սկզբից և հատկապես 1915 թվականին տվյալ ժամանակվա կառավարության «Տեղահանության մասին» օրենքով իրենց տներից վտարված և այս կամ այն պատճառով քաղաքացիությունից զրկված հարյուր հազարավոր հայերի, հույների ու ասորիների սերունդներին:

Ներկայացնելով օրինագիծը՝ պատգամավորը պարզաբանել է, թե ինչ փաստաթղթեր են անհրաժեշտ Հայոց ցեղասպանության սերունդներին (ինչպես նաև հույներին ու ասորիներին)՝ Թուրքիայի քաղաքացիություն ստանալու համար:

Խոսքը գնում է տվյալ ժամանակվա անձնագրի կամ նրան փոխարինող ինքնության վկայականի, եկեղեցական արձանագրությունների, փոքրամասնությունների հիմնադրամների արձանագրությունների, ռազմական արձանագրությունների, նախկին բնակավայրի բնակիչների վկայությունների, օսմանյան փաստաթղթերի, ազգաբնակչության ու ճամփորդական արձանագրությունների, ամուսնության վկայակականների, կալվածքների սեփականության, ներգաղթի մասին այն երկրների տեղեկանքների մասին, ուր նրանք արտագաղթել են Թուրքիայից:

Օրինագծի հաստատման դեպքում կառավարությունը պետք է երեք ամսվա ընթացքում պետք է պատրաստի դրա իրագործման սկզբունքներն ու ընթացակարգերը:

Տեսանյութեր

Լրահոս