Թուրքիայում հայտնվել են սկանդալային նոր ձայնագրություններ. Էրդողանը կոչով դիմել է Գյուլենին
Թուրքական Milliyet թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանն ԱՄՆ-ում բնակվող Ֆեթհուլլահ Գյուլենին կոչ է արել չմիջամտել երկրի գործերին: Էրդողանը հայտարարել է, որ եթե Գյուլենը ցանկանում է զբաղվել քաղաքականությամբ, ապա նա դա պետք է անի ժողովրդավարական մեթոդներով:
Էրդողանը հավելել է, որ եթե Գյուլենն այդպես վստահ է իր ճշմարտացիության մեջ, ապա թող լքի ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգը և գա Թուրքիա. «Է˜յ Խոջա, մի՛ խառնիր այս երկիրը»:
Ավելի վաղ Էրդողանն ԱՄՆ-ին մեղադրել էր Ֆեթհուլլահ Գյուլենին աջակցելու մեջ, իսկ Գյուլենական շարժումը որակել էր որպես «զուգահեռ կառույց»: Բացի այդ, Էրդողանը գյուլենականներին կոչ էր արել ստեղծել քաղաքական կուսակցություն և պայքարել քաղաքակիրթ ձևով:
Միևնույն ժամանակ Թուրքիայում տարածում են գտել ևս երկու հեռախոսազրույց, որոնք առնչվում են Էրդողանին: Աուդիոձայնագրություններից մեկը վկայել է, որ Թուրքիայի վարչապետի որդին քննարկում է այն գումարի հարցը, որը նա պետք է ստանա գործարարից:
Նա հորը պատմում է, որ գործարար Սըթքը Այանը պատրաստ է 10 միլիոն դոլար վճարել Էրդողանին, սակայն վարչապետը որդուն խորհուրդ է տալիս չվերցնել այդ գումարը. «Թող բերի այն, ինչ խոստացել է: Ինչո՞ւ ուրիշները բերում են, իսկ նա՝ ոչ»:
Ընդգծվում է, որ Սըթքը Այանը Լոնդոնում գտնվող նավթային ընկերության ղեկավարներից է և զբաղվում է Իրանից ու Թուրքմենստանից դեպի Թուրքիայի գազի փոխադրմամբ: Գործարարն Էրդողանի կրտսեր որդի Բուրաք Էրդողանին ճոխ նվեր է արել՝ նրա համար կառուցելով շքեղ առանձնատուն:
Երկրորդ աուդիոձայնագրությունն առնչվում է Էրդողանի փեսայի ու այդ գործարարի օգնականի հեռախոսազրույցին: Նրանք քննարկում են այն վայրը, որտեղ ձեռնարկատերը պետք է կատարի վճարումը: