Փաստաբանը՝ Մոսոյի մասին. Մարդը չկա, ասում են, որ այդ մարդուն սպանել են, դեռ ավելին, մեկին էլ մեղադրում են

Քրեական աշխարհում հայտնի Թևոսիկի եղբոր՝ Արթուր Սաֆարյանի սպանությունը կազմակերպելու մեջ մեղադրվող Իսրայել Սարգսյանին Ոստիկանությունը մեղադրանք է առաջադրել նաև Մովսես Ներսիսյանին սպանելու համար:

Քրեական գործի շրջանակներում այժմ կալանավորված է նաև Տիգրան Ասատրյանը, ում Ոստիկանությունը մեղադրում է նախապատրաստվող հանցագործության մասին իմանալու և իրավապահ մարմիններին չհայտնելու համար: Բացի այդ, Տ.Ասատրյանը մեղադրվում է նաև ապօրինի զենք ունենալու համար:

Երեկ Տ. Ասատրյանի պաշտպան Վարդուհի Էլբակյանից հետաքրքրվեցինք՝ որքանո՞վ է տրամաբանական մի անձին մեղադրել` Մ. Ներսիսյանի սպանության, մյուսին՝ դրա մասին իմանալու և չհայտնելու մեջ, եթե Մ. Ներսիսյանի դին չի հայտնաբերվել:

«Դա աբսուրդ է: Մարդը չկա, ասում են, որ այդ մարդուն սպանել են, դեռ ավելին, մեկին էլ մեղադրում են, Դուք շատ ճիշտ նկատեցիք, որ նա պարտակել է այդ սպանությունը, չի հայտնել: Ո՞ւմ սպանությունը: Ի՞նչն է պարտակել, ո՞ր հանցագործությունն է պարտակել: Չգիտեմ՝ դա զավեշտալի է:

Կարդացեք նաև

Դիակը չկա, բայց մենք ասում ենք, որ այդ մարդը մահացել է, կարող է` այլ հանգամանքներում է մահացել, կարող է` ինֆարկտ է խփել, մահացել է, կամ ընդհանրապես, չգիտեմ՝ գնացել է Մոզամբիկ հանգստանալու: Ես չեմ կարող ասել: Ես չեմ կարող այդ տրամաբանությունը հասկանալ և հետևել իրենց գործողություններին: Ես ասում եմ այն, ինչ կա փաստերով:

Այսօր փաստ կա, որ Մովսեսը չկա: Այսօր կա փաստ, որ Մովսեսի դիակը չկա, կա փաստ, որ այն ապացույցները, ինչ ներկայացվել են, և այն, ինչին մենք ենք տիրապետում, այդքանով ընդհանրապես չեն հիմնավորվում ո՛չ իրենց հայտարարությունները, ո՛չ իրենց մեղադրանքները:

Ընդամենը կարող եմ ասել, որ Տիգրան Ասատրյանն այս պահի դրությամբ անհիմն կերպով գտնվում է անազատության մեջ»,- ասաց Վ. Էլբակյանը:

«Փաստինֆոն» տեղեկատվություն էր տարածել, որ Մ. Ներսիսյանի դիակն այլևս չեն փնտրում: Վ. Էլբակյանն ասում է, որ ինքն էլ այդ մասին տեղեկացել է մամուլից, նախաքննական մարմնից տեղեկատվություն չունի:

«Ես միշտ եմ հայտարարել իմ կարծիքը և մնում եմ իմ կարծիքին. Մովսեսին պետք չէ մահացածների մեջ փնտրել»,- ասաց նա:

Ըստ Էլբակյանի` Տ. Ասատրյանին կալանավորելու մասին որոշումը չեն բողոքարկել, քանի որ այս պահին նպատակահարմար չեն գտել: Փաստաբանը, սակայն, նշեց, որ պատրաստվում է վերադասության կարգով բողոքարկել մեղադրանքի որոշումը:

Օրեր առաջ տարածած տեսանյութում Ոստիկանությունը մանրամասներ էր հայտնել Արթուր Սաֆարյանի սպանության մասին, հրապարակել որոշ փորձաքննությունների եզրակացությունների արդյունքներ, ինչպես նաև դեպքի օրը՝ հունվարի լույս 27-ի գիշերը, տարբեր տեսախցիկների կողմից կատարված տեսագրություններ:

Վ.Էլբակյանից հետաքրքրվեցինք՝ որքանո՞վ է նպատակահարմար համարում քրեական գործի նախաքննության փուլում նման մանրամասների հրապարակումը: «Կարծում եմ, որ դրանով իսկ արդեն Ոստիկանությունը մի շարք սկզբունքներ խախտեց, նախ` անմեղության կանխավարկածը:

Երկրորդը՝ մեզ հայտնի չէ, թե դա ի՞նչ տեսանյութ էր: Բնականաբար, ես տեսել եմ այդ տեսանյութը, բայց ո՞վ էր դա, ի՞նչ էր անում, ո՞ւր էր գնում, ինչի՞ համար էր գնում, և, ընդհանրապես, դրա հետ ի՞նչ կապ ուներ իմ պաշտպանյալը՝ Տիգրան Ասատրյանը, որ այդ տեսանյութը ցուցադրելուց հետո էլ հայտարարում են, որ Տիգրան Ասատրյանը կալանավորվել է, և այլն, և այլն: Իհարկե, եթե նախաքննություն է ընթանում, ապա ո՞ւր մնաց նախաքննության գաղտնիությունը:

Ոստիկանությունն ընդհանրապես չպահպանեց որևէ գաղտնիություն: Իրենք պետք է աշխատեին: Ինչի՞ համար այդ հում նյութը հրամցվեց հասարակությանը, որ հնչեղություն ստացած ինչ-որ դե՞պք են բացահայտել: Ոչ մի դեպք էլ չի բացահայտվել, ոչինչ չի բացահայտվել»,- ասաց նա:

Նա նշեց, որ նույնիսկ նախաքննության ավարտից հետո Ոստիկանությունն իրավունք չուներ հայտարարելու, որ բացահայտել են կատարվածը.

«Դատարանի գործառույթ է այսօր իրականացնում Ոստիկանությունը: Ես էլի եմ ասել և կրկնում եմ՝ միայն չներկայացվեց կայացված դատավճիռը, թե ով քանի տարվա ազատազրկման դատապարտվեց»:

Վ. Էլբակյանի խոսքով՝ Տ. Ասատրյանն իրեն մեղավոր չի ճանաչում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս