Վարչապետի հեռախոսազրույցները պարզապես շոկային են. Դևլեթ Բահչելի
Թուրքական Cihan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ «Ազգայնական շարժում» կուսակցության (ԱՇԿ) առաջնորդ Դևլեթ Բահչելին մեկնաբանել է վարչապետ Ռեջեփ Էրդողանի ու նրա որդի Բիլալ Էրդողանի միջև սկանդալային հեռախոսազրույցը:
Բահչելին ընդգծել է, որ դեկտեմբերի 17-ի առավոտյան Էրդողանը, գտնվելով Անկարայում, իմացել է «Մեծ կաշառք» գործողության առաջին ալիքի մասին, խուճապի մեջ է ընկել և զանգահարել է իր որդուն՝ խնդրելով տնից դուրս բերել կանխիկ փողն ու բաժանել տարբեր հասցեներով՝ հարազատների տները.
«Վարչապետի հեռախոսազրույցները պարզապես շոկային են: Դատախազներին կոչ եմ անում հետազոտել այդ ձայնագրությունների իսկությունը և պարզել դրամական խոշոր միջոցների ծագումը, որոնց մասին խոսք է գնում վարչապետի ու նրա որդու զրույցի ժամանակ:
Վարչապետը որդուն խնդրում է արագորեն «զրոյացնել» մեկ միլիարդ դոլարը: Նրանք անգամ խորհրդակցում են գիշերը փողը դուրս բերելու շուրջ, որպեսզի ոչ ոք չտեսնի դա: Եթե այդ ամենը ճշմարտություն է, ապա մեր առջև ծառացած է շատ լուրջ խնդիր»: Բահչելին Էրդողանին կոչ է արել հրաժարական տալ: