
Իլհամ Ալիևը Սոչիի Օլիմպիական խաղերի կապակցությամբ շնորհավորել է Պուտինին

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երեկ շնորհավորել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ կապված Սոչիի օլիմպիական խաղերում Ռուսաստանի հավաքականի տարած հաղթանակի հետ:
Ալիևի խոսքերով՝ Ռուսաստանի ազգային հավաքականը հիանալի հաղթանակ է տարել այս տարի Սոչի քաղաքում տեղի ունեցած 22-րդ Ձմեռային օլիմպիական խաղերի ժամանակ: Ալիևն ընդգծել է, որ ռուս մարզիկները նման արդյունքի են հասել իրենց տաղանդի, համառ աշխատանքի ու տքնաջան ջանքերի շնորհիվ:
Ալիևն ընդգծել է, որ Սոչիի Ձմեռային օլիմպիական խաղերն իրավամբ կմտնեն Օլիմպիական շարժման պատմության մեջ՝ որպես ամենալավ կազմակերպված, նախապատրաստված ու անցկացված մարզական համաշխարհային մրցույթ:
Ալիևի կարծիքով՝ Սոչիի Օլիմպիական խաղերի անցկացումը վկայեց Ռուսաստանի բարձր պատրաստվածության մասին ոչ միայն սպորտում, այլև՝ քաղաքական ու տնտեսական ոլորտներում: