
Իրանի առաջարկած գազի գինը չի գոհացնում Թուրքիային. Թաներ Յըլդըզ

Թուրքական TRT Haber հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Թուրքիայի էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը հայտարարել է, որ Իրանի առաջարկած գազի գինը չի գոհացնում Թուրքիային: Նախարարն ընդգծել է, որ գործող սակագների պայմաններում Թուրքիայի համար այժմեական չէ Իրանից գազի ներկրման ծավալը մեծացնելը.
«Իրանը Թուրքիային առաջարկում է կրկնապատկել ներկրվող գազի ծավալը: Իրանի այդ առաջարկը լիարժեք չէ: Ներկայումս մենք սպասում ենք Միջազգային միջնորդ դատարանի որոշմանը՝ կապված իրանական գազի գնի նվազեցման հետ»: Թուրքիան տվյալ հարցով Միջազգային միջնորդ դատարանին դիմել է 2012 թվականի մարտին:
Նշվում է, որ կնքված համաձայնագրերին համապատասխան՝ Թուրքիան պարտավորվել է տարեկան Իրանից ներկրել 10 միլիարդ խորանարդ մետր գազ, Ռուսաստանից՝ 20 միլիարդ խորանարդ մետր գազ, իսկ Ադրբեջանից՝ 6.6 միլիարդ խորանարդ մետր գազ: Բացի այդ, Թուրքիան պետք է տարեկան 4.4 միլիարդ խորանարդ մետր հեղուկացված գազ գնի Ալժիրից և ևս 1.2 միլիարդ խորանարդ մետր հեղուկացված գազ՝ Նիգերիայից:
Հազար խորանարդ մետր գազի համար Թուրքիան Իրանին վճարում է 490 դոլար, Ռուսաստանին՝ 425 դոլար, իսկ Ադրբեջանին՝ 335 դոլար: Թուրքական «Բոթաշ» պետական խողովակաշարային ընկերությունը 2013 թվականին ընդհանուր առմամբ ներկրել է 38.42 միլիարդ խորանարդ մետր գազ, իսկ 2012 թվականին՝ 43.09 միլիարդ խորանարդ մետր գազ: