Ռիչարդ Կիրակոսյան. Գալուստ Սահակյանը ևս մեկ անգամ ցույց տվեց իր քաղաքական անկարևորությունը
«Աշխարհում միակ կառավարության ղեկավարը, ով կասկածի տակ է դնում Ուկրաինայի նոր իշխանության լեգիտիմությունը, Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևն է, բայց ես վստահ եմ, որ Հայաստանի իշխանությունը կհետևի դեպքերի տրամաբանությանը և կճանաչի Ուկրաինայի ներկայիս կառավարությունը»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը:
«Բայց ես կասեմ ավելին. ես չափազանց հիասթափված եմ Գալուստ Սահակյանի վերջին հայտարարություններից, նա ևս մեկ անգամ ցույց տվեց իր քաղաքական անկարևորությունը»,- շարունակեց Ռիչարդ Կիրակոսյանը:
Վերջինս նաև անդրադարձավ ՀՀ Ազգային ժողովին, որը մի քանի օր առաջ ԱԺ «ՀԱԿ» խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի առաջարկով հարգել էր Ուկրաինայում բախումների հետևանքով զոհերի հիշատակը:
«Իհարկե, լավ քայլ էր մեկ րոպե լռությամբ Ուկրաինայում զոհվածների հիշատակը հարգելը, բայց, իհարկե, ոչ Մարտի մեկի ճշմարտությունը հերքելու համատեքստում»,- ասաց քաղաքագետը:
Հիշեցնենք, որ ԱԺ «Հանրապետական» խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը ՎԻկտոր Յանուկովիչի անհետանալուց հետո «Ազատություն» ռադիոկայանին ասել էր, թե, իր կարծիքով, Ուկրաինայում իշխանափոխություն չի եղել, իսկ «Առավոտի» հետ հարցազրույցում Ուկրաինայի դեպքերի մասին մասնավորապես ասել էր. «Այն իշխանությունները, որոնք վախկոտ են, արժանանում են Ուկրաինայի դեպքերին: Մեր իշխանությունները վճռական են և երբեք չեն վախենում»:
Ռիչարդ Կիրակոսյանն այսօրվա ասուլիսում ներկայացրեց իր վերլուծությունը Ուկրաինայի հեղափոխության և Հայաստանի համար դրա դասերի վերաբերյալ:
Ասուլիսի մանրամասները` շուտով: