
ԱՄՆ-ը վտարել է վենեսուելացի երեք դիվանագետի

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ պետդեպարտամենտը անցանկալի անձ է հայտարարել Վենեսուելայի դեսպանատան երեք աշխատակցի: Այս մասին հայտարարել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ջեն Պսակին:
Վերջինիս խոսքերով՝ համապատասխան որոշումն ընդունվել է փետրվարի 24-ին՝ ի պատասխան ոչ վաղ անցյալում Վենեսուելայից ամերիկացի երեք դիվանագետի արտաքսման: Վենեսուելացի դիվանագետները, որոնց թվում երկուսը դեսպանատան առաջին քարտուղարներ են, պետք է ԱՄՆ-ի տարածքը լքեն 48 ժամվա ընթացքում:
Միևնույն ժամանակ Վենեսուելայի ԱԳՆ-ը երեկ հայտարարել է, որ ԱՄՆ-ում երկրի դեսպան կարող է նշանակվել Մաքսիմիլեն Սանչեսը, ով ավելի վաղ հանդիսացել է Բրազիլիայում Վենեսուելայի դեսպան: Այն, որ Վենեսուելան պատրաստվում է դեսպան նշանակել ԱՄՆ-ում, հայտնի է դարձել նախօրեին:
Այդ պաշտոնը թափուր է մնում 2010 թվականից, երբ ԱՄՆ-ը չեղյալ հայտարարեց վենեսուելացի դեսպանի վիզան: Դա արվել էր ի պատասխան Վենեսուելայի տվյալ ժամանակվա նախագահ Ուգո Չավեսի նմանատաիպ քայլին:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն բարձր մակարդակի երկխոսության կոչ էր արել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային: