Բաժիններ՝

Մադուրոն բարձր մակարդակի երկխոսության կոչ է արել Օբամային

France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ` Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն երեկ բարձր մակարդակի ճշմարտացի երկխոսության կոչ է արել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային. «Ընդունեք այդ մարտահրավերը, և մենք կսկսենք բարձր մակարդակի երկխոսություն և վեր կհանենք ողջ ճշմարտությունը»:

Մադուրոն Օբամային կոչ է արել Վենեսուելա ուղարկել Պետքարտուղար Ջոն Քերիին կամ մեկ ուրիշի` բանակցություններին մասնակցելու համար: Մադուրոն խոստացել է Վենեսուելայի կողմից բանակցություններին կմասնակցի երկրի արտգործնախարար Էլիաս Խաուան:

Մադուրոն Օբամային նաև կոչ է արել փոխել ԱՄՆ-ի քաղաքականությունը Լատինական Ամերիկայի ու Կարիբյան ավազանի երկրների նկատմամբ` ԱՄՆ-ին մեղադրելով Վենեսուելայում ընդդիմադիր շարժմանն աջակցելու մեջ:

Գործակալությունն ընդգծում է, որ Մադուրոյի կողմից ԱՄՆ-ին երկխոսության կոչ անելն անսպասելի էր երկու երկրների հարաբերությունների սրման ֆոնին: Փետրվարի 17-ին Մադուրոն երկրից վտարել էր ամերիկացի երեք դիվանագետի` ԱՄՆ-ին մեղադրելով երկրի սոցիալիստական կառավարությանը տապալելու փորձ ձեռնարկելու մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս