Բաժիններ՝

Մադուրոն Վենեսուելայից վտարել է ամերիկացի երեք դիվանագետի

Ամերիկյան Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է, որ հրահանգել է երկրից վտարել ամերիկացի երեք դիվանագետի: Մադուրոն այդ մասին հայտարարել է հեռուստատեսությամբ ելույթ ունենալիս:

Նա չի հայտնել դիվանագետների անունները, սակայն նրանց մեղադրել է նրանում, որ նրանք ներթափանցում են երկրի համալսարաններ՝ ուսանողական վիզաների հետ կապված աշխատանքի պատրվակով: Մադուրոն նաև ԱՄՆ-ին մեղադրել է վենեսուելական ընդդիմությանն աջակցելու և երկրի սոցիալիստական կառավարությանը տապալելու փորձ ձեռնարկելու մեջ:

Մադուրոն ընդգծել է, որ չի հանդուրժելու Վենեսուելայի ինքնիշխանության նկատմամբ ամերիկյան սպառնալիքները: Նշվում է, որ սա առաջին դեպքը չէ, որ Մադուրոն երկրից վտարում է ամերիկացի դիվանագետներին: 2013 թվականի հոկտեմբերին Մադուրոն երկրից վտարել էր ամերիկացի երեք դիվանագետի՝ ԱՄՆ-ին մեղադրելով ընդդիմությանը ֆինանսավորելու մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս