Ռասել Քրոուն Հռոմի պապին համոզում է կինո դիտել
Ռեժիսոր Դարեն Արոնոֆսկու «Նոյ» ֆիլմի գլխավոր դերակատար Ռասել Քրոուն Twitter-ի միջոցով փորձել է Հռոմի պապին համոզել դիտել այդ ժապավենը:
Lenta.ru-ի փոխանցմամբ, նման բովանդակությամբ առաջին հաղորդագրությունը դերասանը գրել էր փետրվարի 22-ին: Նա Ֆրանցիսկոսին հարցրել էր՝ արդյոք չի՞ ուզում դիտել ֆիլմը, և ենթադրել էր, որ այն Հռոմի պապին դուր կգա: Հաջորդ հաղորդագրությունը Քրոուն գրել է փետրվարի 24-ին՝ նշելով, որ «Նոյը» հզոր, գրավիչ և աղմկահարույց ժապավեն է: Բացի այդ, ավստրալիացի դերասանը դիմել էր նաև գյուղատնտեսներին, որոնց գործունեությունը գտնվում է Հռոմի պապի ուշադրության կենտրոնում: Քրոուն նրանց առաջարկել էր տարածել իր հաղորդագրությունը:
Հիշեցնենք, որ Դարեն Արոնոֆսկու «Նոյ» ֆիլմը, որը նկարահանվել է աստվածաշնչյան լեգենդի հիման վրա, արդեն հասցրել է բավական մեծ աղմուկ հանել: Անցյալ տարվա հոկտեմբերին ֆիլմը ցուցադրել էին հոգևոր համայնքի ներկայացուցիչներին, և արձագանքը միանշանակ չի եղել (շատերը դժգոհել են՝ մեկնաբանելով, որ այն չի համապատասխանում Աստվածաշնչի պատմությանը): Արդյունքում, Paramount ընկերությունն Արոնոֆսկուն առաջարկել է վերափոխել ժապավենը, սակայն ռեժիսորը չի համաձայնել: Իսկ փետրվարի կեսերին հայտնի դարձավ, որ Արոնոֆսկին հաջողության է հասել, և մինչև մարտի վերջ համաշխարհային էկրաններին կհայտնվի «Նոյի» ռեժիսորական տարբերակը: