Հրանուշ Խառատյանին Կառավարության հրաժարականի հարցն ավելի շատ շոու է թվում (տեսանյութեր)
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանն այսօրվա ասուլիսում անդրադառնալով ԱԺ ոչ իշխանական չորս ուժերի կողմից ՀՀ կառավարությանն անվստահություն հայտնելու մտադրությանը, ասաց, թե ինքը դա ի սկզբանե համարել եմ հեռանկար չունեցող գործընթաց, որով զբաղվում են ընդամենը ընդդիադիր ուժերն ու այլընտրանքը: «Եվ երկրորդ. բազմիցս ասել եմ, որ մեզ համար, Հանրապետության նախագահի համար շատ ավելի տեսանելի է Կառավարության աշխատանքը. շատ ավելի, օբյեկտիվ գնահատակններ մենք կարող ենք տալ և տվել ենք»,- ասաց նա:
Նրա խոսքով, Հանրապետության նախագահը և գործող իշխանության մեծամասնությունը ինքն է որոշում, թե Կառավարությունը ինչի համար և երբ է հրաժարական տալու. «Այսինքն՝ այդ բազմաթիվ խոսակցությունները, ստորագրահավաքները որևիցե ձևով չեն ազդում մեր մտադրությունները վրա և մենք շատ լավ տեսնում ենք՝ ով ինչ է անում, ինչով է զբաղվում: Մեծամասնությունը մենք ենք, Կառավարությունը մեծամասնություն է նշանակել, Հանրապետության նախագահը, մեծամասնության հետ խորհրդակցելով, նշանակել է կառավարություն և, էլի եմ կրկնում, մեզ համար ավելի շատ մանրակրկիտ ու տեսանելի են Կառավարության աշխատանքները, մենք շատ լավ տիրապետում ենք օբյեկտիվ, սուբյեկտիվ հանգամանքներին և դրա համար տարբեր կողմերից հնչեցված գնահատականները մենք կարող են ընդունել ընդամենն ի գիտություն»:
Ասուլիսի մյուս բանախոս ազգագրագետ Հրանուշ Խառատյան՝ չհամաձայնվելով Ս. Ավետիսյանի հետ, նշեց. «Կարծում եմ, սա վաղուց հայտնի դիրքորոշում է, բայց վախենամ, որ իրավացի են, որ իսկապես Կառավարության, չասեմ հրաժարականի, բայց ձևավորման և ընթացքին հետևլու հարցն ԱԺ-ում քանակապես ավելի մեծ թիվ ունեցող ՀՀԿ-ինն է: Մնացած բոլոր փաստարկներն, իհարկե, իմ լուրջ համոզմունքով, վիճարկելի են: Վիճարկելի է թեկուզ և այն փաստարկը, որ տարբեր իրավիճակներում հնչեցվում է, թե մեզ ավելի տեսանելի է, մենք ավելի լավ գիտենք»:
Տիկին Խառատյանի խոսքով` Կառավարության հրաժարականի հարցն իրեն ավելի շատ շոու է թվում. «Ես սկսում եմ կասկածել և մտածել, որ այս օպոզիցիոն ուժերը, որոնք կառավարության հրաժարականի հարցը հասունացնում-հասունացնում, բայց էդպես էլ չեն հասունացնում, չունեն բավարար փաստարկներ հրաժարականի համար, իսկ փաստարկներ կարող են չունենալ երկու պառճառով`լավ չեն աշխատում, կամ էլ իրենց համար լուրջ չի Կառավարության հրաժարականի խնդիրը, դա պրոցես է, որով իրենք դիալոգի մեջ են հանրության հետ: Գիտեք, Կառավարության աշխատանքի վերաբերյալ օբյեկտիվ նյութ հավաքելու մեծ դժվարություններ չկան»:
Խոսելով երկորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի երեկվա հարցազրույցի մասին, Սուքիաս Ավետիսյանը նշեց, որ ինքը տեսել է լուրջ մտահոգություններ երկրորդ նախագահի կողմից. «Համենայնդեպս, որոշումը, որպես այդպիսին, Մաքսային միության հետ կայացված է, գործընթացը սկսվել է, և, իհարկե, այսօր ցանկացած խելացի և օբյեկտիվ առաջարկություն համապատասխան կառույցները հաշվի կառնեն»:
Հրանուշ Խառատյանն անդրադառնալով գործող նախագահ Սերժ Սարգսյանի վերջերս կատարած «գազային» համաձայնագրի վերաբերյալ հնչեցրած շեշտադրումներին ասաց. «Նա ասում է «այս պայմանագիրը, նայած թե ով, ոնց կդիտի, ես այն դիտում եմ որպես գազի գնի պայմանագիր»: Սա ինձ, անկեղծ ասած, շատ զարմացրեց: Նախ՝ հայտնի է, որ գազային պայմանագիրը Սահմանադրության խախտումով է: Սահմանադրությունը մենաշնորհը չի ընդունում: Գազային պայանագիրն ուղղակի հաստատում է մենաշնորհը»: