Մարգարիտ Եսայանը նախազգուշացնում է. «Ժամանակն է, որ մեծամասնությունը համարժեք պատասխան տա ընդդիմության գռեհիկ, փողոցային վիրավորանքներին»

168.am-ի հարցազրույցը ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանի հետ.

 – ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, ով ԱԺ ոչ իշխանական չորս խմբակցություններին ասել էր, թե «ղալաթ են անում», որ ուզում են կառավարությանն անվստահություն հայտնել, այսօր ԱԺ ամբիոնից ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի կողմից ստացավ պատասխան. պատգամավորը հայտարարեց, թե իրենք էլ կարող են «բացատրել ու ասել  ղալաթ ես անում՝ չաթլախ»: Հ. Թովմասյանի հայտարարությունը, Ձեր գնահատմամբ, վիրավորակա՞ն էր:

– Ես կարծում եմ, որ ցանկացած բառի մեջ, եթե ուզում ես վիրավորանք տեսնել, կարող ես տեսնել: Կոնկրետ այս դեպքում, ես Հրայր Թովմասյանի օգտագործած արտահայտության մեջ վիրավորանք չեմ տեսնում, որովհետև «ղալաթ անել» արտահայտությունը մեզնից յուրաքանչյուրը գոնե մի քանի անգամ կիրառել է, ես նույնպես օգտագործել եմ հայտնի դեպքերի հետ կապված, եթե հիշում եք: Կարծում եմ` ընդդիմությունը, մասնավորապես, իմ կողմից շատ հարգված պարոն Ռուստամյանը, փորձեց կառչել այս մի բառից, փորձեց վիրավորանք խաղալ, թեպետ իր օգտագործած բառը շատ ավելի վիրավորական էր: Կարծում եմ, սա խորքային և լուրջ բանավեճ չէ, երբ ընդդիմությունը կառչում է պաշտոնյաների արտահայտած այս կամ այն բառից, դա նշանակում է, որ նրանք լուրջ ասելիք կամ լուրջ անելիք չունեն: Կրկնում եմ՝ չեմ կարծում, որ այս պարագայում Հ. Թովմասյանից կարելի էր նեղանալ:

Ընդդիմության գործիչների կողմից հնչում են շատ ավելի վիրավորական արտահայտություներ՝ ինչպես մեծամասնության անդամ պատգամավորների, այնպես էլ պետական պաշտոնյաների, ընդհուպ՝ մինչև երկրի նախագահի հասցեին: Եվ արդեն ժամանակն է, որ մեծամասնությունը համարժեք պատասխան տա ընդդիմության կողմից հասցված վիրավորանքներին, որովհետև մինչև այժմ մեծամասնությունը մեծահոգաբար լռել է, չի ցանկացել նկատել այն վիրավորական որակումները, որոնք հնչում են ընդդիմության շուրթերից: Մտածել ենք, թե ընդդիմություն է, իր բառապաշարն է այսպիսին, բայց ժամանակը եկել է, որ ստանան իրենց արժանի, համարժեք պատասխանը, որովհետև որոշ գործիչներ, նկատի չունեմ Ռուստամյանին, այլ լեզու չեն հասկանում, քան իրենց լեզուն է, բայց մենք էլ տիրապետում ենք այդ լեզվին ու կարող ենք նրանց պատասխան տալ:

Կարդացեք նաև

– Ոչ իշխանական ուժերը իրենց վիրավորանքը բացատրում են նրանով, որ իրենք Սահմանադրական իրավունք ունեն կառավարությանն անվստահություն հայտնել և հատկապես արդարադատության նախարարն իրավունք չուներ ոտնահարել Սահմանադրությամբ տրված իրենց իրավունքը:  Չե՞ք կարծում, որ ոչ իշխանական ուժերն իրավացի են:

 – Հիմա եթե արդարադատության նախարարը հայերեն բառ կիրառեր, ասեր, որ ոչ իշխանական չորս ուժերը սխալ են անում, դա կլինե՞ր վիրավորական, թե՞ չէր լինի:

– Բայց ժողովուրդը «ղալաթ անել» արտահայտությունը սխալ անելու իմաստով չի կիրառում, այդպես չէ՞:

– Չէ, մոտավորապես նույն իմաստն է: Ես չեմ արդարացնում որևէ պետական պաշտոնյայի կամ քաղաական գործչի նման լեքսիկոնը, ոչ, ես բացարձակապես դա չեմ արդարացնում: Բայց եթե տեղը եղավ ու փորձում են հանկած վիրավորվել, համարժեք պատասխան կստանան: Դիտավորյալ վիրավորվել են, ոչ թե իրականում վիրավորվել են, այլ վիրավորվելու իմիտացիա են ստեղծում, որովհետև այդ արտահայտությունը շատերս ենք օգտագործում: Եթե սոցիոլոգիական հարցում անենք, կտեսնենք, ինչքան է օգտագործվում այդ բառը:

– Դուք է՞լ եք օգտագործում «ղալաթ անել» արտահայտությունը:

– Այո, ես էլ եմ շատ օգտագործում, իմ տատիկն էլ էր շատ օգտագործում:

– Եվ սխալ անելու իմաստո՞վ եք օգտագործում:

– Այո,  ես այդպես եմ հասկանում այդ բառը: Եվ եթե նախարարը ասել է, որ ճիշտ բան չեն անում, պարզապես դա ասել է արաբական կամ թուրքական բառով, այդտեղ ես տարբերութուն չեմ տեսնում: Եթե ընդդիմադիրներն այդքան վիրավորվել են, թող դիմեն էթիկայի հանձնաժողով, դա իրենց իրավունքն է, թող դիմեն օրենքով նախատեսված բոլոր ատյաններին: Բայց կրկնում եմ՝ իրենք օգտագործել են շատ ավելի վուլգար, գռեհիկ, փողոցային արտահատություններ, որոնց մենք մեծահոգաբար չենք պատասխանել, չենք փորձել հայտարարել, որ մենք դրանից նեղացված ենք և եթե նման ոճը շարունակվի, մենք պատասխանելու ենք:

 

Տեսանյութեր

Լրահոս