Բաժիններ՝

Թուրքիայի զինված ուժերում ստեղծվելու է «տիեզերական» հրամանատարություն

Թուրքական Türkiye թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի ռազմաօդային ուժերի հրամանատարությունը 5 տարվա ընթացքում հիմնելու է «տիեզերական» հրամանատարություն, որը կհավելվի առկա հրամանատարություններին (օդային պաշտպանություն, ահազանգում, ռադար): Դա պետք է իրականացվի մինչև 2023 թվականը, երբ կլրանա Թուրքիայի Հանրապետության հիմնադրման 100-ամյակը:

Ռազմաօդային ուժերի ղեկավարությունը մտադիր է ստեղծել տիեզերական խմբավորման հրամանատարություն, որը կղեկավարի արբանյակային համակարգերի արձակումն ու տիեզերական դիտարկումները: Դրա շրջանակներում որպես առաջին քայլ է դիտարկվում Հետախուզական ու դիտարկման արբանյակների հրամանատարության հիմնումն ու 2012 թվականի դեկտեմբերի 18-ին Göktürk-2 արբանյակի արձակումը:

Տիեզերական խմբավորման հրամանատարության շրջանակներում ստեղծվելու են նաև Էլեկտրոնային աջակցման արբանյակային հրամանատարություն, Արբանյակների արձակման կենտրոնական հրամանատարություն, Տարածաշրաջանային դիրքավորան ու համակարգի համաժամանակացման հրամանատարություն, Նախազգուշացնող ու զգուշացնող արբանյակային հրամանատարություն:

Այս ամենը պետք է իրագործվի մինչև 2023 թվականը:

Հիշեցնենք, որ Göktürk-2 արբանյակի արձակումից հետո Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը հայտարարել էր, որ Թուրքիան կառուցելու է սեփական տիեզերակայան՝ արբանյակների արձակման համար: Էրդողանի խոսքերով՝ ներկայումս աշխարհում տիեզերակայան ունի միայն 11 երկիր, և որ միայն 25 երկիր է արբանյակ ուղարկել ուղեծիր:

Իսկ 2010 թվականի դեկտեմբերի վերջին Թուրքիայի տվյալ ժամանակ ռազմաօդային ուժերի հրամանատար Հասան Աքսայը հայտարարել էր, որ 2020-ական թվականներին Թուրքիայի ռազմաօդային ուժերն ունենալու են անկախ տիեզերական ուժ և «տիեզերական» արդյունաբերություն:

2012 թվականի աշնանը Թուրքիայի գիտության, արդյունաբերության ու տեխնոլոգիաների նախարար Նիհաթ Էրգյունը հայտարարել էր, որ Թուրքիան պատրաստում է երկրի արբանյակային տեխնոլոգիաների զարգացման մեջ ներդրումներ անելու տասնամյա ծրագիր՝ ընդգծելով, որ այսօր Թուրքիայի առաջնահերթ առաջադրանքն արբանյակների արձակման համակարգի ստեղծումն է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս