Ադրբեջանում առաջացել է զորակոչիկների ավելցուկ. «Դոկտրինա»
Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանում առաջացել է բանակային զորակոչիկների ավելցուկ: Այս մասին հայտարարել է «Դոկտրինա» լրագրողական ռազմական հետազոտությունների կենտրոնը:
Վերջինիս ղեկավար Ջասուր Սումերինլիի կարծիքով՝ դրա համար պատճառ է հանդիսացել գերաժամկետային զինծառայողների (պարտադիր զինծառայությունն ավարտելուց հետո կամավոր զինծառայության մեջ մնացածներ) քանակի աճը:
2-3 տարից անց մոտ 10.000-12.000 քաղաքացի ընդհանրապես կարող է հայտնվել զորակոչից այն կողմ: Զորակոչիկների ավելցուկը հնարավորություն է ստեղծում տարբեր տիպի չարաշահումների համար:
Փորձագետը կարևոր է համարում զորակոչի ծառայության ռազմավարության շուտափույթ փոփոխումը և օրենսդրությունում համապատասխան ուղղումներ անելը, զորակոչի թափանցիկության ապահովումը, նորակոչիկների ֆիզիկական տվյալներին (հասակ, քաշ) ու առողջությանը ներկայացվող պահանջների խստացումը:
Ընդ որում, նվազագույն տարիքային սահմանը պետք է 18-ից բարձրացվի մինչև 20-ի, իսկ առավելագույնը՝ 35-ից նվազեցվի մինչև 27-28-ի: Պետք է ընդլայնել նաև զինծառայությունից տարկետման հնարավորությունները՝ կրթությունը շարունակելու դեպքում: