Բաժիններ՝

Դունյա Միյատովիչն անհանգստություն է հայտնել Երևանում լրագրողների նկատմամբ բռնությունների կիրառման կապակցությամբ

ԵԱՀԿ-ի պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ ԵԱՀԿ-ի՝ ԶԼՄ-ների ազատության հարցերով հատուկ ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը փետրվարի 14-ին անհանգստություն է հայտնել փետրվարի 12-ին Երևանում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ ոստիկանության կողմից լրագրողների գործունեությանը խոչընդոտելու կապակցությամբ:

Հայաստանի իշխանություններին հասցեագրած իր նամակում Միյատովիչը նշել է. «Լրագրողների հանդեպ բռնություն գործադրելն անընդունելի է: Դա հատկապես մտահոգիչ է, երբ ոստիկանության աշխատակիցները, որոնք կոչված են (պատասխանատու են) օգնել ու պաշտպանել լրագրողներին, իրենք են ուժ կիրառում նրանց նկատմամբ:

Առկա տեղեկություններով, «Չորրորդ իշխանություն» թերթի և iLur.am լրատվական պորտալի լրագրողներ Անի Գևորգյանն ու Սարգիս Գևորգյանը ոստիկանության կողմից ենթարկվել են բռնության ու ձերբակալվել են, սակայն կարճ ժամանակ անց ազատ են արձակվել: Ոստիկանները ձերբակալված լրագրողների մոտ փնտրել և ջնջել են նրանց տեսախցիկներում առկա բոլոր տեսանյութերը:

Ես (Հայաստանի) իշխանություններին կոչ եմ անում իրականացնել միջադեպի արդար ու թափանցիկ հետաքննություն և անել ամեն հնարավոր բան՝ խուսափելու համար ապագայում ոստիկանների կողմից ԶԼՄ-ների ներկայացուցիչների նկատմամբ անհամաչափ ուժ գործադրելուց»:

2013 թվականի դեկտեմբերին էլ Միյատովիչը (Հայաստանի) իշխանությունների առջև բարձրացրել էր «Հրապարակ» թերթի լրագրող Վարդան Մինասյանի հետ կատարված միջադեպի հարցը, ով Երևանում զանգվածային հանրահավաքի լուսաբանման ժամանակ բռնության էր ենթարկվել ոստիկանության կողմից ու ձերբակալվել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս