Անահիտ Բախշյան. Ամեն տարի փոփոխվող շտեմարանները երբեմն դուրս են առարկայական ծրագրերից
Ինչքա՞ն կարելի է ամեն տարի բարձրաձայնել «Կրթության մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 6-րդ կետի պահանջի մասին, որն ասում է, որ ավարտական, ինչպես նաև պետական և հավատարմագրված ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության քննությունների անցկացման համար նախատեսվող հարցաթերթիկները կազմվում են բացառապաես կրթական ծրագրերով նախատեսված, կրթության պետական լիազորված մարմնի կողմից պետական հանրակրթական դպրոցներում օգտագործման համար երաշխավորված և առնվազն ուսումնական մեկ տարվա ընթացքում դպրոցներում օգտագործված դասագրքերին, ձեռնարկներին, խնդրագրքերին ու ժողովածուներին համապատասխան:
ԿԳ նախարարության պատկան օղակներն այդպես էլ չեն իրականացնում օրենքի այս պահանջն ու ԳԹԿ-ից չեն պահանջում շտեմարաններն ուղարկել երաշխավորման և դրանք կիրառել առնվազն մեկ տարի փորձարկելուց հետո: Ամեն տարի տարբեր փոփոխությունների ենթարկելով շտեմարանները, ընդ որում, ինչպես ստորև բերված նամակում է մատնանշում 12-րդ դասարանցին, այդ փոփոխությունները երբեմն դուրս են առարկայական ծրագրերից:
Նամակը հրապարակում եմ.
«Բարև Ձեզ տիկին Բախշյան, Ձեզ եմ գրում մի հարցով, որը վերաբերվում է ամեն տարի փոփոխվող շտեմարաններին: Ես այս տարվա շրջանավարտ եմ, հանձնելու եմ քննություն կենսաբանություն ու քիմիա առարկաներից: Հիմա, երբ քնություններին մնացել է մոտ 4 ամիս, ԳԹԿ-ն լույս է ընծայում նոր շտեմարաններ իբրև լրամշակված, բայց ինչ վերաբերվում է իմ առականերին, դրանք հիմանականում բարդացված են, ընդգրկում են թեմաներ, որոնք չեն համապատախանում դպրոցական 12- ամյա ծրագրին, ինչպես նաև քանակապես ավելացված է նյութը ու թեստային առաջադրանքները հիմնովին փոխված են:
Այս ամենը միասին հնարավոր չէ յուրացնել 4 ամսվա ընթացքում, ինչքան էլ տիրապետում ես առարկային: Քիմիայում հանդիպում են խնդիրներ, որոնք չեն համապատասխանում 12-րդ դասարանի աշակերտ -դիմորդի մակարդակին: Եվ այս նոր շտեմարանները վաճառվում են ավելի թանկ, և բոլորիս էլ հայտնի է դիմորդի ծանր սոցիալական պայմանները, ինչը բերում է ոչ հավասարության քննությանը պատրաստվելու ժամանակ: Տիկին Բախշյան, ինչպես կարող ենք այս հարցը բարձրաձայնել ու հասցնել համապատասխան պատասխանատուներին և ստանալ պատասխան ու լուծում: Կանխավ շնորհակալություն…>:
Ես քիմիայի և կենսաբանության մասնագետ չեմ, որ հաստատեմ կամ հերքեմ 12-րդ դասարանցու պնդումը: Հրապարակելով այս նամակը՝ ես նույնպես բացատրություն եմ ակնկալում ու հարցը մնում է` ինչո՞ւ շտեմարանների նկատմամբ չի գործում ՀՀ օրենքի պահանջը:
Անահիտ Բախշյան
Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության ղեկավար