«Մահդիի բանակի» հիմնադիրը հեռացել է իրաքյան քաղաքականությունից
France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ շիա առաջնորդ Մուկտադ աս-Սադրը հրաժարվել է Իրաքի քաղաքական կյանքին իր հետագա մասնակցությունից: Նա հայտարարել է, որ իր շահերը չի ներկայացնելու ոչ մի քաղաքական բլոկ կամ երկրի կառավարության կազմում ընդգրկված որևէ պաշտոնյա:
Աս-Սադրը հավելել է, որ երկրում փակվելու են իր քաղաքական շարժման բոլոր ներկայացուցչությունները, և որ պահպանվելու են միայն այն հիմնարկները, որոնք զբաղվում են բնակչության սոցիալական ու բժշկական ապահովմամբ, ինչպես նաև կրթական ծրագրերի իրագործմամբ:
Աս-Սադրի կողմնակիցներից մեկը հայտարարել է, որ հոգևոր առաջնորդի որոշումը շարժման անդամների համար անակնկալ է հանդիսացել: Նա ընդգծել է, որ շեյխ աս-Սադրը, հազիվ թե, ապագայում վերանայի իր դիրքորոշումը: Աս-Սադրին ոչ պաշտոնապես անվանում են «Բասրայի էմիր» (Բասրան Իրաքի գլխավոր նավահանգիստն է):
Ներկայումս աս-Սադրի կողմնակիցներն Իրաքի խորհրդարանում զբաղեցնում են 325 տեղերից 40-ը: Քաղաքականությունից իր հեռանալու մասին շիա առաջնորդը հայտարարեց խորհրդարանական ընտրություններից ոչ շատ առաջ, որոնք Իրաքում նշանակված են 2014 թվականի ապրիլի 30-ին: Ավելի վաղ աս-Սադրին համարում էին գործող վարչապետ Նուրի ալ-Մալիքիի հնարավոր մրցակիցներից մեկը:
2003 թվականին աս-Սադրի ստեղծած «Մահդիի բանակը» դարձավ ԱՄՆ-ի գլխավորած օկուպացիոն զորքերին դիմակայելու շարժիչ ուժերից մեկը: 2008 թվականին շեյխի կողմնակիցները վայր դրեցին զենքը, իսկ երեք տարի անց աս-Սադրը կոչ արեց ամերիկացիներին չխանգարել Իրաքը լքելիս: