Արմեն Մարտիրոսյանը` ԵԿՄ համագումարի մասին. «Մնում էր ասել` «кто сказал, что Ленин умер?…»
«Իշխանությունն արդեն իրականությունից չափազանց կտրված բաներ է ասում»,- 168.am-ի հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը` մեկնաբանելով Երկրապահ կամավորական միության (ԵԿՄ) 10-րդ հոբելյանական համագումարում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը:
Արմեն Մարտիրոսյանն իր տեսակետը հիմնավորեց նրանով, որ Հայաստանի տնտեսական լավ վիճակի, առաջընթացի վերաբերյալ Սերժ Սարգսյանի գնահատականները չեն համապատասխանում իրականությանը:
«Դուրս գանք փողոց և ցանկացածին հարցնենք՝ կասեն, թե ինչ վիճակում են գտնվում: Նույնը վերաբերում է Մաքսային միության անդրադարձին, բոլոր հարցերը, որոնց Սերժ Սարգսյանն անդրադառնում էր, հասարակությունից, իրականությունից կտրված պատկեր էին ներկայացնում, և իշխանությունների վերջին գործելաոճը` «մենք իշխանություն ենք, ինչ ուզենք` կանենք. ոնց ուզենք` կանենք», խոսում է այն մասին, որ երկրում բոլորովին այլ կառավարման համակարգ է ձևավորվում:
Նախկինում իշխանությունը, իմանալով, որ ինքը կեղծված իշխանություն է, երբեմն գնում էր ընդդիմության, խմբերի հետ գնում էր խորհրդակցությունների և փորձում էր երկխոսել, հիմա դա էլ չկա»,- ասաց Արմեն Մարտիրոսյանը:
«Ժառանգության» ներկայացուցիչը Սերժ Սարգսյանի ելույթում ևս մի նրբերանգ է նկատել. նրա կարծիքով` Սերժ Սարգսյանը միշտ աչքի է ընկել հավասարակշռված, հանգիստ ելույթներով`առանց պիտակների և ձայնը բարձրացնելու, սակայն այսօրվա բառակազմը նրան ագրեսիվ է թվացել:
Արմեն Մարտիրոսյանը նաև կիսվեց ընդհանուր ԵԿՄ համագումարից ստացած տպավորություններով` համաձայնելով, որ այն անցավ խորհրդային լավագույն ավանդույթներով:
«Մենք փորձում ենք նախկին խորհրդային կառավարման մեթոդները բերել ներկա իրավիճակ, երբ արդեն կա մասնավոր սեփականություն, իշխանությունը փորձում է հնարավորինս շատ գումար կուտակել, օլիգարխիկ կառույցների միջոցով փորձում է ամբողջ բիզնեսն իր տրամադրության տակ վերցնել: Սրանից որոշակի աններդաշնակություն` դիսոնանս է առաջանում: Այսինքն` այն ժամանակվա կառավարման համակարգի խնդիրը բոլորովին այլ էր: Եվ եթե Խորհրդային միությունում, ըստ էության, ժողովրդին թալանելու խնդիր չկար, ապա այժմ դա հսկայական չափերի է հասել, և ժողովուրդն աղքատացել է մինչև վերջ, այլևս ռեսուրս չունի որևէ ձևով դիմակայելու: Նաև դա է պատճառը, որ արտագաղթն այս չափերի է հասել:
Այս ամենը որոշակիորեն ակնհայտ են դարձնում հին ավանդույթի նորօրյա դրսևորումը: Սա վերաբերում է ոչ միայն այս համագումարին, այլ, ընդհանրապես, իշխանության այդ գործելաոճին: Քծնանքի տարափը… մնում էր ասել` «кто сказал, что Ленин умер? Вот Ленин!»: Հիշո՞ւմ եք, չէ՞, երբ Ալիևը Բաքվում ասաց Բրեժնևի մասին: Մոտավորապես այդ իրավիճակն է, քեզնից բարձր պաշտոնյան ամեն ինչում ճիշտ է, նա ճշմարտության աղբյուրն է, ամեն ինչ հրաշալի է և այլն: Այդ երկու մշակույթների խառնուրդը միավորվել է և շատ տգեղ բան է ստացվել»,- այսպես Արմեն Մարտիրոսյանը բնորոշեց իշխանության որդեգրած քաղաքական մշակույթը:
Ավելացնենք, որ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում այսօր կայացած համագումարում ԵԿՄ վերընտրված նախագահ Մանվել Գրիգորյանը Սերժ Սարգսյանին հանձնել է հուշանվեր` ատրճանակի տեսքով գրիչ ` ասելով. «Ապրես, որ դու կաս, վերջին բոլշևիկ»: Սերժ Սարգսյանն էլ, ընդունելով հուշանվերը, պատասխանել է. «Միայն զենքով կա հային փրկություն»: