Վարդան Օսկանյան. ԲՀԿ առաքելությունն է՝ լինել այլընտրանքային լուծումներ առաջարկող կուսակցություն

«Երկրի առաջ բազմաթիվ խնդիրներ են առաջ եկել, կուսակցությունն իր ամբողջ իմաստը կկորցնի, եթե մենք այդ խնդիրների մասին չխոսենք և այլընտրանքային լուծումներ չառաջարկենք»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանը:

Նա նշեց, թե ԲՀԿ առաքելությունը հենց դրանում է՝ լինել այլընտրանքային լուծումներ առաջարկող կուսակցություն և դրա շուրջ համախմբել բոլոր այն ուժերին, որոնք նման կերպ են մտածում։

Վարդան Օսնկանյանը մեջբերեց ԲՀԿ համագումարում կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը՝ նշելով. «Գ. Ծառուկյանի ելույթում շատ հետաքրքրական և կառուցողական առաջարկներ կան։ Կարծում եմ, այս համագումարով ԲՀԿ-ն նոր փուլ է թևակոխում և դա նաև թելադրված է մեր ժողովրդի պահանջներից, երկրում ստեղծված իրավիճակից և նաև ոչ իշխանական չորս քաղաքական ուժերի համախմբված աշխատանքը համատեղվում է այն մտքերի հետ, որն այսօր արտահայտվեց։

Համոզված եմ, որ մեր համատեղ գործունեությունը ժողովրդի հետ անպայման իր դրական արդյունքներն է տալու եկող ամիսների ընթացքում»:

Կարդացեք նաև

Օսկանյանը նշեց, թե քննադատությունն «ինքնանպատակ չէ», այն «ժողովրդի սրտից» է գալիս։ ԲՀԿ-ական պատգամավորը ընդգծեց, որ եթե իշխանական շրջանակներում կան մարդիկ, ովքեր դա չեն տեսնում, իրենց առավել մտահոգվելու առիթ պետք է տա։

«Նշանակում է, այն սխալ ուղին, որ իրենք վերցրել են, շարունակվելու է և առավել խորանալու։ Եվ այն ինչ այսօր պարոն Ծառուկյանն առաջարկեց՝ պետք է սթափվենք, գնահատական տանք իրավիճակին և փորձենք կառուցողական մոտեցումներով, միասնաբար բոլորս, նեղ անհատական, անձնական շահերը մի կողմ դնել, փորձել և՛ մեր երկրի ներսում, և Սփյուռքի մեջ կարողանանք երկիրն այս ծանր իրավիճակից դուրս բերել։

Այնպես որ՝ մենք բեկումնային մի ժամանակահատվածում ենք ապրում՝ կամ երկիրն առավել կխորանա այս խնդիրների մեջ և մենք կգնանք խորտակման ճանապարհով, կամ կկարողանանք հստակ, ճիշտ գնահատական տալով, միասին աշխատելով մեր երկրի առջև ծառացած խնդիրներին լուծումներ տալ»,- նկատեց Վ. Օսկանյանը:

Տեսանյութեր

Լրահոս