Գագիկ Ծառուկյան. Ես պատրաստ եմ ցանկացած զարգացման, ցանկացած սցենարի
Այսօրվա ԲՀԿ համագումարում իր ելույթի վերջում Գագիկ Ծառուկյանը խոսել է նաև իր մասին՝ նշելով. «Կուզեի մի քանի խոսք ասել անձամբ իմ մասին: Ես իմ կյանքում հասել եմ մեծ հաջողությունների, սկսել եմ զրոյից, միայնակ, դժվար ճանապարհ եմ անցել: Ես երբեք աչք չեմ դրել ուրիշի ունեցվածքին, չեմ ձգտել պաշտոնների, մտել եմ քաղաքականություն՝ հետապնդելով միայն մեկ նպատակ՝ ես ուզում եմ օգուտ տալ իմ երկրին ու ժողովրդին, և ես չեմ կարող լինել անտարբեր, երբ տեսնում եմ, որ խնդիրները շատանում են, իսկ մարդիկ հուսալքվում:
Ես կարող էի ապրել անհոգ, միայն իմ ու իմ ընտանիքի համար, բայց ես ընտրեցի ավելի բարդ, բայց նաև ավելի ազնիվ ճանապարհ: Սա իմ գիտակցված ընտրությունն էր, հետևաբար ես շատ լավ հասկանում եմ խոչընդոտներն ու վտանգները: Ես չեմ անելու երբեք մի քայլ, որից կամաչեմ ես, կամաչեն իմ ընկերներն ու թիմակիցները:
Ես պատրաստ եմ ցանկացած զարգացման, ցանկացած սցենարի: Բոլորս հասկանում ենք, որ ես նյութական բարիքների համար չեմ ընտրում այս ճանապարհը և ոչ փառասիրական մղումներով: Ես ոչ մեկին չունեմ ապացուցելու, սակայն ես չեմ կարող դիտորդի պես հետևել, թե ինչպես է իմ երկիրը օրեցօր թուլանում: Չկա ավելի մեծ հատուցում, ավելի մեծ պարգև, քան քո պետությանը և քո ժողովրդին օգտակար լինելը:
Իսկ երբ կգա այն օրը, որ ես կտեսնեմ, որ երկում կատարվել են անհրաժեշտ փոփոխությունները, երկիրը զարգանում է ճիշտ ուղղությամբ, մարդկանց խնդիրները քայլ առ քայլ լուծվում են, ես մեծ սիրով կհեռանամ քաղաքականությունից, կզբաղվեմ այլ գործերով, կզբաղվեմ սպորտի ոլորտով, բարեգործական ծրագրերով, որն ինձ շատ հոգեհարազատ է, ու այդպես օգտակար կլինեմ իմ ժողովրդին»: