
Վրաստանում ստեղծվում է Նորարարությունների ու տեխնոլոգիաների գործակալություն

Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանում ստեղծվում է Նորարարությունների ու տեխնոլոգիաների գործակալություն: Այն իրականացնելու է հատուկ նախագծեր ու աջակցության ծրագրեր՝ վրացական նորարարություններն ու տեխնոլոգիաները երկրի ինդուստրիայի տարբեր ոլորտներում ներդնելու համար:
Գործակալությունն իրականացնելու է տեխնոլոգիական ենթակառուցվածքների զարգացում: Իր գործունեության ժամանակ գործակալությունը զգալի ուշադրություն է հատկացնելու IT ինդուստրիայի արտահանմանը, ինչպես նաև նորարարությունների կիրառման արդյունավետության մեծացմանը:
Նշված նպատակներն իրագործելու համար գործակալությունն ունենալու է թե՛ ֆինանսական, թե՛ ոչ ֆինանսական գործիքներ: Ստեղծվելու են նորարարությունների լաբորատորիա ու տեխնոլոգիական պարկեր: Վրաստանի նորարարությունների ու տեխնոլոգիաների գործակալությունն իր գործունեությունը սկսելու է մոտ ժամանակներս: