
Ջոն Քերին ժամանել է Չինաստան

Չինական Xinhua լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին այսօր երկօրյա այցով ժամանել է Պեկին: Չինաստանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Խուա Չունինն ավելի վաղ հայտարարել էր, որ Քերիի չինական այցը կայանում է Չինաստանի արտգործնախարար Վան Ի.-ի հրավերով:
Իր չինական այցի ընթացքում Քերին մտադիր է քննարկել չին-ամերիկյան հարաբերությունները և փոխադարձ հետաքրքրության կենտրոնում ընկած մի շարք հարցեր: Քերիի չինական այցը տեղի է ունենում Չինաստանի և ԱՄՆ-ի մերձակա դաշնակից Ճապոնիայի հետ հարաբերությունների վատթարացման ֆոնին:
Բացի այդ, Պեկինն ու Վաշինգտոնը տարաձայնություններ ունեն՝ կապված Արևելա-չինական և Հարավ-չինական ծովերում Չինաստանի կողմից ՀՕՊ-ի նոր գոտիների ստեղծման հետ: Առաջընթաց չկա նաև կորեական միջուկային ծնդրի վերաբերյալ վեցակողմ բանակցություններում:
Քերին Պեկին է ժամանել իր թվով հինգերորդ ասիական շրջագայության շրջանակներում: Չինաստանից առաջ նա այցելել է Հարավային Կորեա, իսկ Չինաստանից հետո մեկնելու է Ինդոնեզիա ու ԱՄԷ: