«Քավոր Հարութի», «Շեկոյի» և Վարդան Ղուկասյանի եղբորորդու գործը հասավ դատարան
2013թ. ապրիլի 23-ին Գյումրիում հնչած կրակոցների առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է. քրեական գործն արդեն Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում է: Հիշեցնենք, որ քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եղբոր որդուն՝ Վահե Ղուկասյանին:
Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 2013թ ապրիլի 23-ի առավոտյան, ապօրինի կերպով ձեռք բերված և իր մոտ պահվող հրազենով փորձել է շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով ապօրինաբար դիտավորությամբ կյանքից զրկել Հարություն Խաչատրյանին (առավել հայտնի է «Քավոր Հարութ» մականվամբ), սակայն իր կամքից անկախ հանգամանքներով չի կարողացել հանցագործությունն ավարտին հասցնել, այնուհետև ապօրինաբար դիտավորությամբ կյանքից զրկել է Արտյոմ Կարապետյանին (հայտնի է «Շեկո» մականունով) և ապօրինի կերպով ձեռք բերել, պահել ու կրել է հրազեն և ռազմամթերք: Այս մասին տեղեկանում ենք datalex դատական տեղեկատվական համակարգից:
Վ. Ղուկասյանին մեղադրանք է առաջադրվել երեք հոդվածներով՝ շատերի կյանքի համար վտանագավոր եղանակով սպանության փորձի (ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետ), սպանության համար (ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդված), ապօրնին կերպով զենք կրելու համար (ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մաս): Քրեական գործը քննելու է դատավոր Հարություն Մովսեսյանը:
Քրեական գործին որպես ապացույցներ կցված են «Ինֆինիտի» մակնիշի մեքենայի սրահից հայտնաբերված և առգրավված արյան նմուշները, ինքնաձիգի փամփուշտների 4 պարկուճները, «Մակարով» տեսակի ատրճանակի փամփուշտների
3 պարկուճները, 1 գնդակ, ատրճանակի պահունակը, Հ. Խաչատրյանի մարմնից հայտնաբերված և առգրավված մետաղի կտորը, Ա.Կարապետյանի մարմնից հայտնաբերված և առգրավված ինքնաձիգի փամփուշտի գնդակը, կրակոցի նմուշները, Ա. Կարապետյանի, Հ. Խաչատրյանի, Վ. Ղուկասյանի հագուստները, կրակոցի արգասիքների նմուշները, Գ. Խաչատրյանի, Վ. Ղուկասյանի, Ա. Կարապետյանի մազի նմուշները, Վ. Ղուկասյանի մեքենայից առգրավված ակնոցը, Ա. Կարապետյանի բջջային 2 հեռախոսները: