
Ինչ կլինի դրամի հետ՝ Մաքսային միության կազմում

«Ես չեմ կարծում, որ ՀՀ դրամի արժեզրկումը կտրուկ էր, մի փոքր արժեզրկվել է, հետո վերականգնվել է: Անընդհատ էլ այդպիսի քայլեր կատարվում են, դա տնտեսությունն է որոշում»,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Հայաստանի Բանկերի միության նախագահ Սամվել Ճզմաչյանը՝ հավելելով, որ կանխատեսել դրամի փոխարժեքի փոփոխությունն այս կամ այն կողմ, շատ անշնորհակալ գործ է:
Ըստ նրա՝ Մաքսային միության կազմում միասնական դրամական գոտին կգործի այնպես, ինչպես հիմա եվրոգոտին է գործում: Ամեն դեպքում, Ս.Ճզմաչյանի կարծիքով, նման զարգացումներ չեն սպասվում. «Հայկական դրամը կպահպանվի բավականին երկար ժամանակ, հետո չեմ կարող կանխատեսել: Կուզենայի մի քանի դար պահպանվեր: Միասնական արժույթը մեր տնտեսության վրա, կարծում եմ, դրական ազդեցություն կունենա, բայց չեմ կարծում, որ դա մոտակա ապագայի հարց է: Ի՞նչ եք կարծում՝ եվրոն դրակա՞ն արդյունք է թողել եվրոպական տնտեսությունների վրա, թե՞ ոչ»: