Մայոր Գրիգորյանն ու Ռուզաննա Բադալյանը բողոքը ետ են վերցրել

Օրեր առաջ Շանթ Հարությունյանի որդու՝ Շահեն Հարությունյանի հետ Կարեն Դեմիրճյանի անվան թիվ 139 դպրոցում միջադեպ էր տեղի ունեցել: Շ. Հարությունյանը պատմել էր, որ ռազմագիտության դասի ժամին մայոր Գրիգորյանը վիրավորական արտահայտություններ է թույլ տվել իր հասցեին, ապա հարվածել իրեն, որին ինքը պատասխանել է: Ոստիկանությունը հաղորդագրություն տարածեց այն մասին, որ փետրվարի 4-ին Ոստիկանություն է դիմել մայոր Հրաչյա Գրիգորյանը և հաղորդում տվել, որ այդ օրը թիվ 139 դպրոցի ավագ աշակերտ Շահեն Հարությունյանը զինպատրաստության դասասենյակում աշակերտական աթոռով հարվածել է իր գլխին և վնասվածք պատճառել: Դեպքի առթիվ Ոստիկանությունում հետաքննություն էր սկսվել:

Երեկ Ոստիկանության լրատվական ծառայության աշխատակից Արմեն Մալխասյանը «168 Ժամի» հետ զրույցում ասաց, որ հետաքննությունը շարունակվում է:
Շահեն Հարությունյանի մորից՝ Ռուզան Բադալյանից հետաքրքրվեցինք՝ ի՞նչ ընթացք է ստացել գործը, արդյո՞ք հարուցվել է քրեական գործ, թե՞ ոչ: «Քրեական գործը հարուցվել էր, սակայն ես իմացա, որ մայորը դիմել էր Ոստիկանություն և ետ էր վերցրել իր բողոքը»,- ի պատասխան մեր հարցին՝ ասաց Ռուզան Բադալյանը: Նա հայտնեց, որ ինքը ևս ետ էր վերցրել իր բողոքը. «Քանի որ ինքը ետ էր վերցրել իր բողոքը, ես էլ եմ բողոքս ետ վերցրել՝ միայն այն բանի համար, որ ես չեմ ուզում որդուս այդ տարիքում ներքաշել դատական քաշքշուկների մեջ: Միայն դրա համար»: Ռուզան Բադալյանը տեղեկացրեց, որ քրեական գործը փակվում է, քանի որ երկու կողմերը ետ են վերցրել իրենց բողոքը:

Ըստ տիկին Բադալյանի, որդին՝ Շ. Հարությունյանը, շարունակում է դպրոց հաճախել: Նրանից հետաքրքրվեցինք, թե միջադեպից հետո ինչ հարաբերություններ ունեն Շ. Հարությունյանն ու մայոր Գրիգորյանը: «Դպրոց է գնում Շահենը, դեռ ոչ մի կերպ չի առնչվել նրա հետ»,- ի պատասխան` ասաց Ռ. Բադալյանը:

Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան թիվ 139 դպրոցի տնօրեն Երվանդ Սարգսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ միջադեպից հետո զրուցել է Շահեն Հարությունյանի հետ, և իր կարծիքով՝ կոնֆլիկտը կարգավորված է: «Երկուսն էլ պատրաստակամություն հայտնեցին, որ կոնֆլիկտը կարգավորեն, միջադեպը կարգավորեն»,- ասաց դպրոցի տնօրենը: Ավելի վաղ նա հայտնել էր, որ Շ. Հարությունյանը նորմալ երեխայի տպավորություն է թողել. «Բավարար առաջադիմություն է ունեցել, խնդիրներ չեն ունեցել իր հետ»:

Կարդացեք նաև

Հիշեցնենք, որ Շ. Հարությունյանը պատմել էր, որ ուսուցիչն իրեն վիրավորել է` ասելով, որ` «իրեն երեք ամիս հետո չեն ճանաչելու, ինքն աղջիկ կդառնա», քանի որ աղջիկների հետ է շփվում, ապա սկսել է խոսել հայրենիքի մասին, ասել, որ ֆիդայիներն իզուր են զոհվել, «ռուսը մեր պապան ա, մենք ստրուկ ենք»: Շ. Հարությունյանի խոսքով՝ ուսուցիչը դասաժամի ընթացքում ասել է, որ, երբ եվրոպացիները գալիս են Հայաստան, հայ տղամարդիկ նրանց խնդրում են քնել իրենց կանանց հետ, որ առողջ երեխա ծնվի, «ոչ թե հայ երեխաների նման ուռոդ և ռախիտ»:

Շ. Հարությունյանի խոսքով՝ դասարանի երեխաները սկսել են ուսուցչի հետ վիճել, ինքը չի միջամտել, սակայն ուսուցիչն ասել է՝ «երեխեք, մի վիճեք, սրա նմաններն են ծնվում», ու մատնացույց է արել իրեն:

Շ. Հարությունյանի մայրը՝ Ռուզան Բադալյանը, կասկածներ էր հայտնել, որ դպրոցում կատարվածը հերթական ճնշումն է որդու նկատմամբ: Նրա խոսքով՝ ռազմագիտության ուսուցիչը որդուն դրդել է դուրս գալ հավասարակշռությունից: Շ. Հարությունյանի մայրը նշել էր, որ ռազմագիտության ուսուցիչն իրավունք չուներ դպրոցում քաղաքական քարոզչությամբ զբաղվելու, առավել ևս` երեխային ներքաշելու քաղաքական թեմաների մեջ, և հատկապես այնպիսի թեմայի, որն անմիջականորեն կապված է նրա հոր հետ: Ռ. Բադալյանը հայտնել էր նաև, որ առաջինը հարվածել է ուսուցիչը, աթոռով հարվածը պայմանավորված է եղել բացառապես ինքնապաշտպանությամբ, «քանզի բավականաչափ խոշորամարմին տղամարդը վայրագ կերպով հարձակվել է իրենից անհամեմատ փոքրամարմին տղայի վրա»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս