Ռազմագիտության ուսուցիչն ասել է, թե հայ տղամարդիկ ստիպում են իրենց կանանց եվրոպացիների հետ քնել, որ առողջ սերունդ առաջանա
Շանթ Հարությունյանի որդու՝ Շահեն Հարությունյանի մայրը՝ Ռուզաննա Բադալյանը, այսօրվա ասուլիսում ասաց, թե օրեր առաջ իրենց տուն այցելած ոստիկաններն ասել են, թե թիվ 139 դպրոցում տեղի ունեցածի ժամանակ ուսուցիչ մայորի գլուխը պատռվել է: «Բայց երեխաներն ասում են, որ հետո դասը շարունակվել է, և արյան հետքեր չեն եղել»,- ասաց Ռուզան Բադալյանը:
Նրա խոսքով՝ ուսուցիչը դպրոցում քաղաքական քարոզչություն է իրականացրել, իսկ Շահեն Հարությունյանը, ինչպես նշեց Ռ. Բադալյանը՝ քաղաքական հարցերի չի անդրադարձել. «Ես նրան հորդորել եմ, խնդրել եմ, պահանջել եմ, որ դպրոցում ոչ մի կերպ չանդրադառնա նրան, ինչ տեղի է ունեցել իր հոր հետ կամ նրան, ինչ տեղի է ունենում Հայաստանում»:
Ռուզան Բադալյանն ասաց, որ Շ. Հարությունյանը ենթարկվել է դատաբժշակական փորձաքննության, նրա վրա բռնության ակնհայտ նշաններ չեն եղել:
Նա մանրամասն ներկայացրեց թիվ 139 դպրոցում տեղի ունեցածը, խոսեց նաև դեպքից մի քանի օր առաջ տեղի ունեցած իրադարձությունների մասին: Ռուզան Բադալյանի խոսքով՝ դպրոցում ռազմագիտության դասերից մեկի ժամանակ ուսուցիչն ասել է, որ ֆիդայիններն իզուր են զոհվել: «Այդ օրերին էր նոր զոհվել Արմեն Հովհաննիսյանը, և ասել էր, որ նրա մահն էլ էր իզուր, մենք ստրուկ ենք եղել, ստրուկ էլ լինելու ենք, Ռուսաստանը մեր պապան է, և դա լավ է, որ այսպես է… Որդին հակադարձել է, որ Դուք իրավունք չունեք ստրկամտություն քարոզելու, չէ՞ որ Դուք զինվորական եք և զինվորներին սահման պետք է ուղարկեք՝ որպես ազատ Հայաստանը պաշտպանելու, ոչ թե ստրկամտությամբ, որպես ստրուկ: Նա (ուսուցչը,- Օ. Հ.) ասել է, որ դու (Շահենը,- Օ.Հ.) հեգեկան հիվանդ ես: Տղաս ասել է՝ լավ է լինել հոգեկան հիվանդ, դասարանից դուրս է եկել՝ խոսակցությունն ավելի չթեժացնելու համար: Հաջորդ դասին հիմնը երգելու ժամանակ ծիծաղել են բոլոր երեխաները, համենայն դեպս մոտ 10 հոգի, այդպես է որդիս ասում:
Նա ընդգծված մոտեցել է որդուս և ասել է, որ ոտքի տակ կառնի նրան, ով հիմնի ժամանակ կծիծաղի և անպատվել է՝ ոչխար և նմանատիպ բառեր ասելով: Տղաս լռել է՝ գիտակցելով, որ հիմնի ժամանակ չէր կարելի ծիծաղել: Դրանից հետո նորից մի քանի անգամ փորձել է որդուս հրահրել, վիրավորել ու ասել է՝ տանեմ քեզ իմ կաբինետում ծեծելո՞ւ, թե՞ տնօրենի մոտ: Գնացել են տնօրենի մոտ, տնօրենը խորհրդակցության է եղել, վերադարձել են, դասաժամը շարունակվել է, այնտեղ էլի մանր-մունր միջադեպեր են եղել, չեմ անդրադառնում:
Այստեղ կարևոր է արդեն եվրոպացիների պահն ընդգծել, որ՝ գալիս են և հայ տղամարդիկ ստիպում են իրենց կանանց հետ քնել, որպեսզի առողջ սերունդ առաջանա: Դա ասում է 15-ամյա երեխաների մոտ: Շահենը գիտակցաբար լռել է, սակայն մյուս երեխաներն են բարձարձայնել, ասել են՝ ինչո՞ւ եք այդպես ասում, մենք ուռոդ չենք: Ասել է՝ երեխեք ինչի՞ եք դժգոհում, այ սրա նմաններն են, մատնացույց է արել որդուս: Մի քանի անգամ Շահենը խնդրել է չվիրավորել իրեն, որն ապարդյուն է անցել. հորդորել է, որ ինքն էլ կվիրավորի, դա էլ է ապարդյուն անցել: Բանը հասել է նրան, որ եկել է, Շահենին շատ ուժեղ հարվածել է»:
Ռուզաննա Բադալյանը դժվարացավ նշել՝ ինչ միտում ունի այս ամենը, բայց կարծում է, որ հնարավոր է՝ դրանով ցանկանում են Շանթ Հարությունյանին զսպել: