
Արսեն Սարգսյանին աշխատանքից ազատելն առնչություն ունի՞ Վ. Պետրոսյանի գործով թույլ տրված խախտումների հետ

Վարդան Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը կարող է միայն ենթադրություն անել՝ արդյոք Ոստիկանության Նաիրիի քննչական բաժնի պետ Արսեն Սարգսյանին աշխատանքից ազատելն առնչություն ունի՞ Վ. Պետրոսյանի գործով թույլ տրված խախտումների հետ, թե՞ ոչ:
Ն. Բաղդասարյանը 168.am-ի հետ զրույցում ասաց. «Ինքը որոշակի դերակատարում է ունեցել Վարդան Պետրոսյանի գործի հետ կապված, և դրա վերաբերյալ նյութեր են նախապատրաստվել Հատուկ քննչական ծառայությունում: Թեպետ Հատուկ քննչական ծառայությունն այդտեղ հանցակազմի տարրեր չի տեսել, սակայն ֆիքսել է, որ թույլ են տրվել բազմաթիվ խախտումներ:
Խախտումներից մեկն այն է եղել, որ որոշումը գրվել է քննիչի կողմից, գրվել է, որ Վարդան Պետրոսյանը տեղափոխվել է Նաիրիի ոստիկանություն, հեռախոսով նրա քրոջը տեղյակ են պահել այդ ամենի մասին, բայց իրականում նման բաներ տեղի չեն ունեցել: Այսինքն՝ այն, ինչ գրված է եղել արձանագրությունների մեջ, իրական կյանքում տեղի չի ունեցել: Չեմ կարող, պետք է ենթադրություն անեմ՝ արդյոք Արսեն Սարգսյանի՝ աշխատանքից ազատումը կապվա՞ծ էր այն դատավարական գործողությունների կամ թույլ տրված խախտումների հետ, որոնք եղել են Վարդան Պետրոսյանի գործով»:
Նա նաև հավելեց. «Ինչ վերաբերում է իր անձին, ապա անկեղծ եմ ուզում լինել, Արսեն Սարգսյանը բավականին լավ անձնավորություն էր ու գրագետ իրավաբան»:
Հիշեցնենք, որ երեկ news.am-ը գրել էր, որ Երևան-Եղվարդ ճանապարհին հոկտեմբերի 20-ին տեղի ունեցած վթարի գործով դերասան Վարդան Պետրոսյանի ձերբակալելու որոշումը կայացրած ոստիկանության Նաիրիի քննչական բաժնի պետ Արսեն Սարգսյանն ազատվել է աշխատանքից: Տեղեկությունը կայքի հետ զրույցում հաստատել էր ինքը՝ Արսեն Սարգսյանը: