Շահեն Հարությունյանի մայրը՝ դպրոցում տեղի ունեցածի մասին
Շանթ Հարությունյանի որդի Շահեն Հարությունյանի մայրը՝ Ռուզան Բադալյանն, այսօր լրագրողների հետ զրույցում ասաց, որ թիվ 139 դպրոցի ռազմագիտության ուսուցիչ, մայոր Գրիգորյանը ուղղորդված փորձել է հավասարակշռությունից հանել իր որդուն:
Ռուզան Բադալյանը հանդես եկավ հայտարարությամբ՝ նշելով, որ աթոռով մայորին հարվածելը միայն ինքնապաշտպանություն է եղել. առաջինը նա է հարվածել Շահենին:
«Նոյեմբերի 5-ի դեպքերից հետո անչափահաս տղաս՝ Շահեն Հարությունյանը՝ քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանի որդին, անընդհատ հայտնվում է տարաբնույթ դեպքերի կենտրոնում, որոնք ինձ համար շատ մտահոգիչ են: Ի դեպ, որդուս հանդեպ սպառանալիքների մասին ԶԼՄ-ներով հայտարարություններով ահազանգել են իրավապաշտպաններ և պատգամավորներ: Նոյեմբերի 5-ի դեպքերից հետո մի քանի օր անընդհատ նրան հետևում էր մգեցված ապակիներով «Mercedes» մակնիշի մի մեքենա, որն անհետացավ միայն այդ մասին մամուլում բարձրայնելուց հետո:
Դեկտեմբերի 30-ին Շահենը մի քանի ընկերների հետ մետրոյի Բարեկամության կայարանում թռուցիկներ բաժանելիս բռնության էր ենթարկվել քաղաքացիական հագուստով անձի կողմից, որը ներկայացել էր որպես Աշոտ:
Դեպքը կատարվել էր ոստիկանների ներկայությամբ, որոնք չէին միջամտել այդ ոմն Աշոտի գործողություններին: Ավելին, վերջինս ոստիկաններին հրամայել էր մետրոյից հեռացնել Շահենին և ընկերներին: Այս պահվածքն առիթ է տալիս ենթադրելու, որ այդ անձը քաղաքացիական հագուստով ուժային որևէ կառույցի աշխատակից է եղել: Թեև մամուլում և սոցիալական ցանցերում բավականին լուսաբանվեց այդ թեման, սակայն իրավապահ մարմինները լրատվամիջոցների տեղեկատվությունը հիմք չհամարեցին գործ հարուցելու համար, ինչն արեցին դպրոցում կատարված միջադեպի առիթով:
Իսկ ՀՀ ոստիկանապետը օրեր առաջ «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում հերքել էր, որ այդ Աշոտը ոստիկան է, այլապես կպատժվեր: Այդ դեպքում եթե ոստիկան չէ, ինչպե՞ս է միջամտել նրա գործողություններին, մի՞թե կամայական մեկի՝ հրահանգներ կատարելն ու միջադեպին չմիջամտելը հիմքեր չեն, որ նրանք պատժվեն իրենց ծառայողական պարտականությունները կոպտորեն խախտելու համար:
Մի քանի շաբաթ առաջ իմացա, որ որդուս դասընկներներից մի քանիսին հրավիրել են Ոստիկանության Նոր Նորքի բաժին, ինչն առաջացրել էր նրանց ծնողների դժգոհությունը: Ավելորդ խնդիրներից, լարվածությունից խուսափելու նպատակով որդուս տեղափոխեցի նույն դպրոցի մեկ այլ դասարան, մանավանդ որ նրան արդեն հաշվառման են վերցերել Ոստիկանության Նոր Նորքի բաժնում:
Ի դեպ, երեկ երեկոյան ԶԼՄ-ները լուր տարածեցին, որ այդ բաժնի հաշվառողները, ովքեր անձամբ էին զբաղվում որդովս, ձերբակալվել են կաշառակերության մեղադրանքով:
Անդրադառնալով դպրոցում տեղի ունեցած աղմկալի դեպքին՝ կարող եմ իմ կասկածները հայտնել, որ սա հերթական ճնշումն է որդուս նկատմամբ: Նախ ռազմագիտության ուսուցիչն իրավունք չուներ դպրոցում քաղաքական քարոզչությամբ զբաղվելու, առավել ևս՝ երեխային ներքաշելու քաղաքական թեմաների մեջ և հատկապես այնպիսի թեմայի, որն անմիջականորեն կապված է նրա հոր հետ:
Անկախ այն բանից, թե այդ ուսուցիչն իր աշակերտի հոր հայացքների հետ համաձայն է, թե չէ, ոչ միայն իրավունք չունի կրթական հաստատությունում ընդհանրապես քարոզչությամբ զբաղվելու, այլև առավել ևս ըստ էության երեխայի մոտ հոր դեմ քարոզչություն ծավալելու:
Սա արդեն հակամանկավարժական է: Անկախ նրանից՝ ուսուցիչը միտումնավո՞ր է հրահրել որդուս, թե՞ ոչ, հակապետական է դպրոցում մատաղ սերնդին ստրկամտություն քարոզելը, իսկ երբ դա անում է սպան, որի կոչումն արդեն իսկ պարտադրում է միշտ և ամենուր առաջնորդվել Սահմանադրության և պետականության ամրապնդման հրամայականով, խայտառակության գագաթնակետն է:
Որդուս՝ իր կարծիքն արտահայտելու համար անվանել է հոգեկան հիվանդ, այդպես այլախոհների հետ վարվում էին տոտալիտարիզմի ժամանակներում: Այդպես փորձեցին վարվել նրա հոր հետ: Ողբերգական է, երբ մեր կրթական ու ռազմական համակարգը ներկայացնողը շարունակում է 1937թ. գուցեև իր համար հարազատ ավանդույթները:
Ավելի քան նվաստացուցիչ է դասարանի աղջիկների ներկայությամբ 15-ամյա տղային ասել, որ նա շուտով աղջիկ է դառնալու, մանավանդ որ դա որդուս համար նոր միջավայր էր: Այդ ինչ դաստիարակություն և ինչպիսի մշակույթի հետևանք է նման ուսուցիչը: Հաջորդ դասին նորից սկսվել են ընդգծված հալածանքները, որոնց որդիս փորձել է չհակադարձել:
Ավելին, բազմիցս խնդրել է ուսուցչին չվիրավորել իրեն, սակայն ապարդյուն: Ուսուցիչ մայորն անչափահաս երեխաներին ասել է, որ հայ տղամարդիկ եվրոպացի տղամարդկանց խնդրում են իրենց կանանց հետ քնել, որ ներմալ սերունդ առաջանա և ոչ թե հայ երեխաների նման ուռոդ ու ռախիդ:
Փաստ է, որ Շահենը գիտակցաբար չի խառնվել այս խոսակցությանը: Սակայն երբ մյուս երեխաներն ընդվզել են, նա մատնացույց է արել Շահեին և ասել՝ երեխե´ք, մի´ վիճեք, ծնվում են սրա նմանները: Իսկ սրան ի՞նչ անուն տալ: Այս ամբողջի նկարագրությունից իսկ ակնհայտ է, որ մայոր Գրիգորյանն ընդգծված հալածել է որդուս՝ դրդելով նրան դուրս գալ հավասարակշռությունից: Առաջին շատ ուժգին հարված հասցնողը եղել է ուսուցիչը:
Աթոռով հարվածը պայմանավորված է եղել բացառապես ինքնապաշտպանությամբ, քանզի բավականաչափ խոշորամարմին տղամարդը վայրագ կերպով հարձակվել է իրենից անհամեմատ փոքրամարմին տղայի վրա:
Ես պահանջում եմ գործի անաչառ քննություն: Պահանջում եմ բացահայտ նշել նաև, թե ինչպես է մեր կրթական համակարգը հանդուրժում հակապետական, ապազգային, բարոյազուրկ այսպիսի մի երևույթ հաստատությունում, որտեղ կրթվում են ապագա սերունդները: Ինչպե՞ս է մեր զինված ուժերը հանդուրժում այսպիսի սպա, հակառակ պարագայում մնում է կարծել, որ այդ վայ մայորն ու վայ ուսուցիչը կատարել են հստակ հանձնարարություն:
Մայրական խնդրանքով դիմում եմ մեր երկրի իրավապաշտպան կազամակերպություններին և արևմտյան դիվանագիտական կորպուսներին ուշադրության կենտրոնում պահել մեր ընտանիքի դեմ ահագնացնող հալածանքների այս ցցուն երևույթը, թույլ չտալ, որ հոր քաղաքական հայացքների պտճառով ոչնչացնեն զավակիս:
Այսպիսի տագնապալի եզրահանգման են հասցնում թե՛ 2013թ. նեյմբերի 5-ից հետո ծավալված դեպքերի ընթացքը, թե՛ մեր երկրի համակարգային տրամաբանությունը»,- ասաց Ռուզան Բադալյանը: