ԱՄՆ-ը սահմանափակումներ է մտցրել ՌԴ մեկնող ինքնաթիռների ուղևորների ձեռքի ուղեբեռում
ABC News-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ի տրանսպորտային անվտանգության վարչությունը ժամանակավոր սահմանափակումներ է մտցրել Ռուսաստան մեկնող ինքնաթիռների ուղևորների ձեռքի ուղեբեռում: Այս մասին հայտնել է ԱՄՆ ներքին անվտանգության նախարարության անանուն ներկայացուցիչը:
Վերջինիս խոսքերով՝ ուղևորներին արգելվել է ինքնաթիռ մտցնել յուրաքանչյուր ծավալի հեղուկ, գել և աերոզոլ: Երեկ հայտնի է դարձել, որ նմանատիպ ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել նաև Ուկրաինայի ու Բելառուս օդանավակայաններում:
Դա կապված է Սոչիում այսօր մեկնարկող Ձմեռային օլիմպիական խաղերի անցկացման հետ: Հայտնի չէ, թե որքան երկար կտևեն այդ սահմանափակումները:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի ներքին անվտանգության նախարարությունը երեկ զգուշացրել էր ամերիկյան ու օտար ավիաընկերություններին, որոնք Ձմեռային օլիմպիական խաղերի ժամանակ ուղիղ չվերթներ կկատարեն դեպի Ռուսաստան, որ ատամի մածուկի ու կոսմետիկայի տուփերում կարող են պահվել պայթուցիկ նյութեր, որոնք օդանավում հայտնվելու դեպքում կարող են գործածվել հենց օդանավում պայթուցիկ պատրաստելու համար: