Բաժիններ՝

Հայաստանից միլիարդավոր դոլարների արտահոսքի մասին գիտեն միջազգային բոլոր կառույցները. PFA

Անցյալ տարվա դեկտեմբերին Global Financial Integrity կազմակերպության հրապարակած «Զարգացող երկրներից ոչ օրինական ֆինանսական հոսքեր 2002-2011» զեկույցը բավականին բուռն արձագանք առաջացրեց ՀՀ իշխանության ներկայացուցիչների շրջանակներում:

GFI-ի փորձագետների գնահատականներով` 2002-2011թթ. ընթացքում մեր երկրից անօրինական փողերի արտահոսքի ծավալը գերազանցել է 6.2 մլրդ դոլարը:
Մինչ իշխանական քաղաքական գործիչները ցայտնոտի մեջ տարակուսանք էին արտահայտում, թե որտեղից այդ թվերը` կամ ընդհանրապես ինչ ծագում պետք է ունենան այդ փողերը, ընդդիմադիր գործիչները լիովին համաձայն էին ու թվերի հավաստիությանը դույզն-ինչ չէին կասկածում: Ամբողջ աշխարհում հայտնի է, որ անօրինական փողերի արտահոսքը, ըստ էության, փողերի լվացման կամ հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման նպատակ է հետապնդում, ինչն անդրազգային կազմակերպված հանցագործություն է:

PFAGlobal Financial Integrity-ի զեկույցի հետ կապված «168 Ժամը» մի քանի հարց ուղղեց Policy Forum Armenia-ի (www.pf-armenia.org) գրասենյակին, որը շահույթ չհետապնդող վերլուծական կենտրոն է և որը նպատակ է հռչակել` ամրապնդել Հայաստանի տնտեսական զարգացման և ազգային անվտանգության դիսկուրսը և այդպիսով աջակցել Հայաստանում արդյունավետ հանրային քաղաքականության իրականացմանը:

– Ինչպե՞ս է PFA-ն գնահատում GFI-ի զեկույցը և դրանում արտացոլված ցուցանիշները:

Կարդացեք նաև

– Global Financial Integrity կազմակերպության այս զեկույցը փայլուն մի փորձ է` գնահատելու այն, ինչի մասին գիտեն բոլորը, սկսած միջազգային կառույցներից` վերջացրած փողերի լվացման և արտահոսքի հետ առնչվող շատ երկրների պետական մարմինների պաշտոնյաներով: Զեկույցը բավականին թափանցիկ ձևով ներկայացնում է օգտագործված տվյալներն ու մեթոդոլոգիան, որն ինքնին բավականին ողջունելի է, և արդյունքում` ստացվում են թվեր, որոնց մասին, ինչպես ասացինք, մասնագետներն իրականում գիտեն:

– Ըստ կենտրոնի փորձագետների` ինչպե՞ս կարող է ՀՀ-ի նման աղքատ երկրից այդքան գումար դուրս բերվել:

– Policy Forum Armenia-ի կողմից վերջերս հրապարակված «Կոռուպցիան Հայաստանում» խորագրով մեր զեկույցում մենք մանրամասն անդրադարձել ենք այն հարցին, թե մոտավորապես ինչքան գումարներ են մսխվում բյուջեից, և ինչպիսի կորուստներ են հասցվում տնտեսությանը` թե՛ այդ գումարների մսխման, և թե՛ պարզապես հանցավոր կառավարման արդյունքում:

GFI-ի զեկույցում նշված 6.2 միլիարդ դոլարը Հայաստանի պարագայում ամենևին էլ անհավատալի չէ, եթե չասենք, որ բավականին պահպանողական (conservative) գնահատական է: Հիշեցնեմ, որ PFA-ի զեկույցում, ըստ մեր գնահատականների` միայն բյուջետային կորուստը (չվճարված հարկերի և ծախսերի մսխումների հաշվին) կազմում է տարեկան մոտ 7% (օրինակ` միայն 2012 թ. դրությամբ` մոտավորապես 750 միլիոն դոլար), և, որ ՀՆԱ-ի մոտ 60%-ը գտնվում է քաղաքական վերնախավի «հովանու» ներքո, որը և կազմում է արտահոսքի հիմնական աղբյուրը: Հայաստանի պարագայում GFI-ի զեկույցի գնահատականները կարելի էր համեմել մի քանի առանձնահատկություններով (օրինակ` տրանսֆերտների դինամիկան, բնակչության արտահոսքը և վարվող մաքսային վարչարարությունը), որն, իհարկե, հնարավոր չէ անել 151 երկրի վերաբերյալ հետազոտության մեջ: Մենք, սակայն, հնարավորության դեպքում առանձին կանդրադառնանք այս առանձնահատկություններին և ֆինանսական արտահոսքի վրա նրանց հնարավոր ազդեցությանը:

– ՀՀ պաշտոնյաները խուսափում են մեկնաբանել թվերը և երևույթն ընդհանրապես, պնդում են, որ ՀՀ-ն Մանիվալի անդամ է, և չի կարող նման բան լինել, ու «մեղքը» գցում են մեթոդոլոգիայի վրա:

– Բոլորովին չենք զարմանա, եթե իմանանք, որ մեր այսօրվա պաշտոնյաները չեն հասկացել մեթոդոլոգիայի իմաստը: Ի դեպ, մեր պետական կառավարման մարմինների ցածր մակարդակի մասին մենք բազմիցս գրել ենք մեր զեկույցներում: Կրթության պակասին ավելանում է նաև վերադասին ամեն գնով հաճոյանալու մեր այսօրվա միջին վիճակագրական պաշտոնյայի անսահման ցանկությունը, ինչի արդյունքում էլ մեղավորը դառնում է մեթոդոլոգիան: Իրականում, գոնե ենթագիտակցության մակարդակով, պաշտոնյաները շատ լավ հասկանում են, թե ինչ գումարներ են գնում դուրս, և ով է դա անում:

– Դինամիկան ինչպե՞ս կարելի է մեկնաբանել` PFA-ի գնահատականով, ինչո՞ւ են ցուցանիշները կտրուկ աճել 2007-2008-ից սկսած: Մասնավորապես՝ 2002-ին անօրինական փողերի արտահոսքը կազմել է 86 մլն դոլար, 2006-ին՝ 386 մլն, իսկ 2007-ին երկրից անօրինական ճանապարհով դուրս է բերվել 806 մլն, 2008-ին` 1 մլրդ 124 մլն, 2011-ին էլ` 1 մլրդ 163 մլն դոլար:

– Այստեղ դեր կարող է խաղացած լինեն 2008-ի քաղաքական զարգացումները, որից հետո կոռումպացված վերնախավը սկսեց կասկածել երկրում իրենց կողմից գողացված ունեցվածքը պահելու նպատակահարմարությանը: Արդյունքում` շատացավ կապիտալի արտահոսքը: Ինչպես ասում են՝ գող` սիրտը դող:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս