
Իրանը ներկայացրել է իր նոր սուզանավը (լուսանկարներ)

Իրանական IRIB հեռուստաալիքը ներկայացրել է երկրի ռազմածովային ուժերի մասին տեսանյութ, որում, ի թիվս այլ բաների, ներկայացվել է նաև «Ֆաթեհ» («Նվաճող») տիպի նոր սուզանավը: Ուշագրավ է, որ ավելի վաղ Իրանի իշխանությունները պաշտոնապես չեն հայտարարել այդ նավը ջուրն իջեցնելու մասին:
Ենթադրվում է, որ սուզանավը ջուրն է իջեցվել նախորդ տարվա նոյեմբերին: Տեսանյութում ներկայացված է սուզանավի կառուցումը և դրա ջուրն իջեցնելու գործընթացը Պարսից ծոցի ափին՝ Բուշեհրի նահանգի Բոստանու նավաշինարանում:
Ներկայումս ընթանում է նաև «Ֆաթեհ» տիպի երկրորդ նավի կառուցումը: Այդ աշխատանքներն իրականացվում են Կասպից ծովի ափին ընկած Բենդեր Էնզելի նավաշինարանում: Արբանյակային լուսանկարների համաձայն, «Ֆաթեհ» տիպի առաջին սուզանավի երկարությունը կազմում է 40 մետր, իսկ երկրորդինը՝ 48 մետր: