Միակ ելքը ժողովրդի մոբիլիզացիան է. Լևոն Զուրաբյան

Վերջին մեկ տարվա ընթացքում Հայաստանում կտրուկ ընկել է գործարարության ակտիվությունը, երկիրը նահանջ է արձանագրում սոցիալ-տնտեսական զարգացման բոլոր ցուցանիշների առումով: ԱԺ ամբիոնից հայտարարությունների ժամին այս մասին ասաց Աժ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:

Նա շեշտեց, որ անգամ պաշտոնական տվյալների համաձայն՝ օտարերկրյա ներդրումները 9 ամսվա կտրվածքով պակասել են 32 տոկոսով, ուղղակի ներդրումները՝ 64 տոկոսով: «Սոցիալական վիճակի վատթարացման մասին է վկայում թեկուզ միայն այն փաստը, որ 2013 թվականին արձանագրված 5.6 տոկոս ինֆլյացիայի պայմաններում միջին աշխատավարձը բարձրացել է ընդամենը 4.6 տոկոսով»,- նշեց նա: Լ. Զուրաբյանը նշեց, որ տարվա ամփոփիչ պաշտոնական տվյալներով երկիրը լքել է ևս 42.000 մարդ,  ինչը, նրա գնահատմամբ, ավելի աղետալի է, եթե նկատի ունենանք, որ այս տարվա ընթացում հազարավոր մարդիկ ներգաղթել են Հայաստան Սիրիայից:

«Երկրի սոցիալ-տնտեսական բոլոր ցուցանիշների տևական անկումը, արտագաղթը, կոռուպցիայի ակնհայտ դրսևորումներին իշխանության կողմից համարժեք պատասխանի բացակայությունը վկայում են այն մասին, որ Հայաստանի իշխանությունները չեն կարող ապահովել սոցիալ-տնտեսական իրավիճակի տարրական կայունությունը և դարձել են երկրի զարգացման հիմնական խոչընդոտը:  Տնտեսական անկում, կոռուպցիա, կեղծված ընտրություններ՝ ահա այսօրվա Հայաստանի պատկերը»,- հավելեց ՀԱԿ խմբակցության ղեկավարը:

Ըստ նրա՝ նման վիճակում ժողովուրդը կանգնած է պարզ ընտրության առջև՝ լքել սեփական երկրիրը և օտարության մեջ ապահովություն որոնել, կամ` ակտիվ քաղաքացիական ընդվզման իրականացնել՝ վերականգնել սահմանադրական իրավունքները՝ հասնելով երկրի կառավարումը ձախողած և սեփական ժողովրդին հարստահարած իշխանությունների հեռացմանը: «Իշխող կոալիցիան, մերժելով երկրի զարգացման և ժողովրդավարական անցման շուրջ ընդդիմության հետ փոխզիջումային լուծումների որևէ հնարավորություն, ժողովրդին մղում է դեպի արտագաղթ: Ընդդիմությունը, հակառակը, պետք է ամեն ինչ անի՝ ժողովրդին սեփական երկրում մնալու և այն շենացնելու հույս տալու համար: Միակ ելքը ժողովրդի մոբիլիզացիան է՝ անարդարության, ապօրինության և կողոպուտի դեմ: Գազի ավանտյուրան, որի պատճառով մենք այսօր հսկայական գումարներ ենք  վճարում գանձագողերի գրպանները, կուտակային պարտադիր վճարումները, հարկային և մաքսային կամայականությունները, դարձել են վարչախմբի գործիքներ՝ ժողովրդի հարստահարման նպատակով: Բոլոր այս հարցերի շուրջ Հայ ազգային կոնգրեսն ունի կարևոր անելիքներ, որոնք կներկայացվեն Մարտին 1-ին Ազատության հրապարակում կազմակերպվող հանրահավաքում»,- եզրափակեց Լևոն Զուրաբյանը:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս