7 հայ աղջիկների պոռնկությանը նպաստելու մեջ մեղադրվող պարսիկն ազատազրկվեց
Պոռնկությանը նպաստելու մեջ մեղադրվող՝ ազգությամբ պարսիկ, Իրանի Իսլամական Հանրապետության 34-ամյա քաղաքացին Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վճռով՝ դատապարտվել է 3 տարվա ազատազրկման:
Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, երկու և ավելի անձանց օգտագործելով պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու դիտավորությամբ, Երևան քաղաքի տարբեր դիսկո ակումբներում և այլ վայրերում ծանոթացել է մարմնավաճառությամբ զբաղվող 7 հայ աղջիկների հետ, 5000-ական ՀՀ դրամ միջնորդավճարի դիմաց հաճախորդներով ապահովելու վերաբերյալ նրանց հետ պայմանավորվածություն ձեռք բերելուց հետո, 2007-ից մինչև 2013թ. սեպտեմբեր ամիսն ընկած ժամանակահատվածում, պարբերաբար, սեռական հարաբերություն ունենալու համար կազմակերպել է մարմնավաճառների հանդիպումներն իրեն ծանոթ, ազգությամբ պարսիկ տղամարդկանց հետ և գույքային օգուտ ստանալով` յուրաքանչյուր անգամ 5000-ական ՀՀ դրամ միջնորդավճար վերցնելով՝ նպաստել է նշված անձանց պոռնկությամբ զբաղվելուն: Նրան մեղադրանք է առաջադրվել երկու կամ ավելի անձանց օգտագործելով պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու համար (ՀՀ քրեական օրենսգրքի 262-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետ): Այս մասին տեղեկանում ենք datalex դատական տեղեկատվական համակարգից:
Մինչև դատաքննությունը սկսելն Իրանի քաղաքացին իրեն լիովին մեղավոր է ճանաչել և միջնորդել դատաքննությունն անցկացնել արագացված կարգով: Դատարանը բավարարել է երիտասարդի միջնորդությունը:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը մեղավոր է ճանաչել Իրանի քաղաքացուն: Դատարանն իր վճռում նշել է, որ գործով մեղադրող կողմը դեռևս մինչդատական վարույթում դրվագների վաղեմության և բազմաթիվ լինելու պատճառով չի կարողացել տարանջատել և հստակորեն պարզել յուրաքանչյուր մարմնավաճառից ամբաստանյալի ստացած գույքային օգուտի իրական չափը: «Առհասարակ տվյալ բնույթի հանցագործություններով պետությանը գույքային վնաս չի պատճառվում, բացի այդ, սույն գործով որևէ մարմնավաճառուհի տուժող չի ճանաչվել, քաղաքացիական հայց չի ներկայացրել, հետևաբար` վերոնշյալ պայմաններում ամբաստանյալի նկատմամբ լրացուցիչ այդ պատիժը դատարանը չի նշանակում»,- նշված է վճռում:
Դատարանն Իրանի քաղաքացու նկատմամբ պատիժ է նշանակել՝ 3 տարի ժամկետով ազատազրկում: Կալանավորումն ուժի մեջ է թողնվել՝ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը: Նշենք, որ դատավճիռն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակումից մեկ ամիս անց, այդ ընթացքում այն կարող է բողոքարկվել Քրեական վերաքննիչ դատարանում: