Պարոն Հովհաննիսյանը ցանկություն ունի հանդիպելու ժողովրդի հետ, նա խոսք ունի ասելու ժողովրդին
«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը փետրվարի 18-ին հանդես կգա ժողովրդին ուղղված ուղերձով: Թե ի՞նչ ֆորմատով է Ր. Հովհաննիսյանը ներկայացնելու իր ուղերձը՝ առայժմ հայտնի չէ: Ամեն դեպքում, «Ժառանգություն» կուսակցության վարչության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն իրազեկում է ներկայացրել Երևանի քաղաքապետարան՝ փետրվարի 18-ին Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնելու համար, թեպետ կուսակցությունը դեռ չի որոշել՝ հանրահավա՞ք կանցկացնի, դահլիճային հանդիպո՞ւմ, թե՞ կընտրի ժողովրդի հետ հանդիպելու մեկ այլ տարբերակ:
«Պարոն Հովհաննիսյանը ցանկություն ունի հանդիպելու ժողովրդի հետ, նա խոսք ունի ասելու ժողովրդին, և, քանի որ օրենքը պարտադրում է, որ առնվազն 7 օր առաջ դիմենք, մենք նախնական դիմել ենք: Թե հանդիպման ի՞նչ ֆորմատ կընտրենք՝ դեռ չենք որոշել»,- 168.am-ի հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը՝ ավելացնելով, որ Րաֆֆի Հովհաննիսյանը ներկա պահին Հայաստանում է:
Հետաքրքրվեցինք նաև, թե հավաքի ընտրության օրը որևէ կերպ կապ ունի՞ 2013 թվականի նախագահական ընտրությունների հետ, որի մեկ տարին շուտով լրանում է: Արմեն Մարտիրոսյանը դրական պատասխան տվեց. «Բնականաբար՝ կապ ունի»:
Մեր հարցին, թե քաղաքական այլ ուժեր մասնակցելո՞ւ են այդ հավաքին, Արմեն Մարտիրոսյանը պատասխանեց, որ տվյալ հարցը քննարկելի կլինի, երբ որոշվի հավաքի ֆորմատը: