Ֆիլիպ Լեֆորը հրաժեշտ է տվել Հարավային Կովկասում ԵՄ-ի հատուկ ներկայացուցչի պաշտոնին
Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ` Հարավային Կովկասում ԵՄ-ի հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորը պաշտոնապես լքել է զբաղեցրած պաշտոնը, որը ստանձնել է 2011 թվականի սեպտեմբերի 1-ին: Այս մասին նշված է ԵՄ-ի արտաքին քաղաքական ծառայության տարածած հայտարարությունում:
ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Քեթրին էշթոնը շնորհակալություն է հայտնել Ֆիլիպ Լեֆորին` կատարած աշխատանքի համար` ընդգծելով, որ Լեֆորը գործել է համբերատար և անկողմնակալ` ձգտելով օգնել հակամարտող կողմերին նրանց տարաձայնությունների հարթման հարցում:
Էշթոնի խոսքերով` Լեֆորին հաջողվել է շահել հակամարտող կողմերի վստահությունը: Էշթոնը հավելել է, որ ԵՄ-ը հավատարիմ է մնում Հարավային Կովկասի հակամարտությունները խաղաղ ճանապարհով կարգավորելուն: Հարավային Կովկասում ԵՄ-ի հատուկ նոր ներկայացուցիչը կնշանակվի մի քանի օրվա ընթացքում: