
Քեթրին Էշթոնը հաջորդ շաբաթ վերստին այցելելու է Կիև

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ` ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնը վերստին Կիև է այցելելու հաջորդ շաբաթ: Այցը միտված է Ուկրաինայում առկա ճգնաժամային իրավիճակի կարգավորմանը: Էշթոնի խոսքերով` Ուկրաինայում տիրող իրավիճակը հարուցում է խոր մտահոգություն:
Նա խոստացել է հաջորդ շաբաթ վերադառնալ Կիև` ԵՄ-ի անունից: Էշթոնի խոսքերով` մտահոգիչ են նաև բռնությունները, ահաբեկման փորձերը և կտտանքները. «Ինձ հատկապես ապշեցրեց («ավտոմայդանի» ակտիվիստ) Դմիտրի Բուլատովի հանդեպ կոշտ վերաբերմունքն ու կտտանքները: Դա կատարելապես անընդունելի է և պետք է անհապաղ դադարեցվի»:
Քեթրին Էշթոնը Կիևում է գտնվել երեքշաբթի ու չորեքշաբթի և հանդիպումներ է ունեցել Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի, ընդդիմության ու քաղաքացիական հասարակության առաջնորդների հետ: