Հայաստանի ամենաազատ քաղաքացին

Վաղը` փետրվարի 2-ին, «Ցեղակրոն» կուսակցության նախագահ, նոյեմբերի 5-ին կալանավորված Շանթ Հարությունյանի ծննդյան օրն է, որը նշելու նպատակով քաղբանտարկյալի հարազատներն ու ընկերները հավաքվելու են «Ազատության» հրապարակում: Շանթի ծննդյան օրվան նվիրված ակցիան նրանք կոչել են «Գինի լից»՝ այդպիսով ցանկանալով ցույց տալ, որ քաղաքացիներն են իրենց երկրի տերը:

Անցած տարվա նոյեմբերին Շանթ Հարությունյանի՝ Ռուսաստանի կողմից Հայաստանի գաղութացման դեմ պայքարը ոմանց կողմից գնահատվում էր` որպես էմոցիոնալ, չկշռադատված քայլ: Սակայն դրան հաջորդած ամիսներն ու իրադարձությունները ցույց տվեցին, որ իրականում Շանթի պայքարը Հայաստանի ներկայիս պայմաններում ամենաքաղաքական ու ամենակենսական պայքարն է՝ հանուն Հայաստանի Հանրապետության անկախության ու ընդդեմ Ռուսական իմպերիալիզմի: Պայքար, որի մասին Հայաստանի ընդդիմադիր քաղաքական ուժերի ներկայացուցիչների մեծ մասն անգամ բարձրաձայն խոսելու համարձակություն չունի:

Գուցե փոքր-ինչ չափազանցված հնչի, բայց եթե ոչ` ձևի, ապա բովանդակության առումով Շանթ Հարությունյանը Հայաստանի «մայդանի» խորհրդանիշն է: Մեծ հաշվով, Մայդանում հավաքված մարդիկ պայքարում են նույն բանի համար, ինչ Շանթ Հարությունյանը՝ հանուն իրենց երկրի անկախության ու արժանապատվության:

Ընդ որում, եթե Շանթ Հարությունյանն ընդամենը հայտարարում էր «բենզինի շշերի» ու «մոլոտովյան կոկտեյլների» մասին (այդպես էլ որևէ շիշ կամ կոկտեյլ նոյեմբերի 5-ին չհայտնաբերվեց), ապա Կիևում բողոքի ակցիայի մասնակիցների մի մասը կիրառում է դրանք գործնականում: Պարզապես Հայաստանում իշխանությունները Շանթին ընդամենը մի քանի քայլ Ազատության հրապարակից առաջ գնալու համար կալանավորեցին, իսկ Ուկրաինայի իշխանություններին մնացել է ընդամենը մի քանի քայլ՝ իշխանությունը հանձնելու ճանապարհին:

Այս համեմատություններն, իհարկե, պետք չէ ուղղակիորեն ընդունել, սակայն փաստն այն է, որ Շանթը միակն էր, ով հայտարարեց, որ ցանկացած գնով պատրաստ է պայքարել հանուն Հայաստանի անկախության, և արեց դա: Ու այսօր մեկուսարանում գտնվելով՝ Շանթը շատ ավելի ազատ է, քան նրան անազատության մեջ պահող «կլյուչնիկները», Հայաստանի իշխանությունն ու ընդդիմությունը՝ ամբողջությամբ վերցրած:

Շնորհավորում ենք Շանթ Հարությունյանին ծննդյան օրվա առթիվ, ու մաղթում ենք, որ նա Հայաստանի ամենաազատ քաղաքացին դառնա ոչ միայն` գաղափարապես, այլ նաև ֆիզիկապես, և որպեսզի Հայաստանը դառնա այնպիսի երկիր, որի համար պայքարում է Շանթ Հարությունյանը: Հայաստանի ներկայիս պայմաններում այդ ցանկությունը գուցե ցնորամտություն է թվում, ինչն, ի դեպ, շատերը փորձում էին վերագրել Շանթին:

Բայց եթե ազատ ու ինքնիշխան երկիր ունենալու երազանքը ցնորամտություն է, ուրեմն Շանթն ամենացնորամիտ քաղաքացին է: Դա նրա գիտակցական ընտրությունն է. Շանթը ցնորամտությունը գերադասել է ստրկամտությունից…

Տեսանյութեր

Լրահոս