Մահացել է Դեդ Հասանի քրոջ որդին՝ «օրենքով գող» Թեմուրի Միրզոևը
Ինչպես գրում է «Прайм Крайм» գործակալությունը, երեկ Մոսկվայի թիվ 20 քաղաքային հիվանդանոցում 57 տարեկան հասակում մահացել է Դեդ Հասանի բարեկամը՝ «օրենքով գող» Թեմուրի Միրզոևը, ով քրեական շրջանակներում ավելի շատ հայտնի է որպես Թիմուր Սվերդլովսկի։ Մի քանի օր առաջ Թիմուրն ընկել է կոմայի մեջ, նրա թոքերին միացվել է արհեստական շնչառության ապարատ, սակայն նա մահացել է՝ գիտակցության չգալով։
Գործակալության տվյալներով՝ Թեմուրի Միրզոևը «օրենքով գող» է ճանաչվել 1974 թվականին Վրաստանում։ Նա նախկինում 4 անգամ դատապարտվել է գողության, խուլիգանության, թմրանյութեր և զենք պահելու համար։ Ընդհանուր առմամբ, Թեմուրի Միրզոևը բանտում անցկացրել է 13 տարի։
Խոսակցություններ կան, որ 80-ականներին նրա գողական լիազորությունները դադարեցվել են, սակայն 1992թ. Դեդ Հասանը՝ հարազատ քեռին, վերականգնել է նրա լիազորություններն ու դարձրել իր ներկայացուցիչը Ուրալում։
Ավելի քան 20 տարի Միրզոևն ինքը հիմնականում ստվերում մնալով՝ Ուրալում համակարգում էր հանցավոր գործունեությունը՝ Հասանի հրահանգների համաձայն։ Նախորդ տարի նա շատ ծանր տարավ Հասանի մահը և այդպես էլ վերջնականապես ուշքի չեկավ այդ հարվածից։
Միրզոևը տառապում էր տուբերկուլոզով և մի շարք այլ հիվանդություններով և առողջական պատճառներով մի քանի անգամ խույս է տվել ազատազրկումից։
Հիշեցնենք, որ 6 օր առաջ ոստիկանները նրան ձերբակալել էին Մոսկովյան «ԱՍՏ Գոֆ Պարկ» հյուրանոցում։ Միրզովը բողոքել էր ինքնազգացողությունից, սակայն տեղ հասած շտապօգնության բրիգադը հրաժարվել էր նրան հիվանդանոց տեղափոխել՝ եզրակացնելով, որ նա հարբած է և ձևացնում է , թե վատ է զգում։ Հաջորդ օրը Միրզոևը սուր նոպա է ունեցել, հայտնվել կոմայի մեջ, որից այդպես էլ դուրս չի եկել։