Անգլիական մասոնական օթյակը, Ալիկ Աբրահամյանն ու Հայրիկյանի սպանության փորձը. էպոսագետը բացում է փակագծերը. 1in.am

Չնայած ՀՀ վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց առաջին ատյանի դատարանի վճիռը, որով նախագահի նախկին թեկնածու Վարդան Սեդրակյանը դատապարտվել էր 14 տարվա ազատազրկման՝ նախագահի մեկ այլ նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ իրականացված մահափորձը կազմակերպելու համար, բայց այս գործով ուշագրավ մանրամասներ են հայտնի դառնում:

«Առաջին լրատվական»-ի ձեռքի տակ է հայտնվել «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում պատիժը կրող Վարդան Սեդրակյանի  ձեռքով գրված նամակ, որում վերջինս ուշագրավ բացահայտումներ է անում գործից՝ նշելով հայտնի անձանց անուններ, ովքեր ֆինանսավորել են իր նախընտրական քարոզարշավը, ապա նաև հետ պահանջել ներդրված գումարնեը, որոնք չստանալու համար էլ խոստացել են վրեժ լուծել: Խոսքը Ավիացիայի նախկին պետ Ալեքսանդր Աբրահամյանի և նրա որդու՝ Էդուարդ Աբրահամյանի մասին է, ովքեր, ինչպես պարզ է դառնում նամակից, որոշակի առնչություն ունեն նաև մասոնական  կազմակերպության հետ: Ստորև ներկայացնում ենք հատված Սեդրակյանի նամակից.

«2008 թվականի գարնանը ինձ  Էդուարդ Ափրահամյանի կողմից առաջարկ արվեց էպոսների վերլուծությամբ  սեմինարներ անցկացնել իր կողմից գլխավորած Նոր ազգայնական պահպանողական NEO հասարակական կազմակերպությունում: Մի քանի սեմինարներից հետո առաջարկ եղավ երկարաժամկետ գործունեության վերաբերյալ:

Ըստ Էդուարդ Ափրահամյանի՝ ինքը ուսումը շարունակել է Անգլիայում: Իսկ մի օր էլ ես նրա ձեռքին տեսա մի մատանի, որի վրա կային մասոնական սիմվոլներ: Իմ հարցին՝ ինքը անթաքույց հպարտությամբ նշեց, որ ինքը Անգլիայում գործող մասոնական կազմակերպության անդամ է: Հետագայում մի առիթով էլ հատուկ նշեց, որ իր կնոջ հայրն էլ է մասոնական կազմակերպության անդամ, որը Հայաստանում հեռու գնացող ծրագրեր ունի:

2011-2012թթ. Էդուարդ Ափրահամյանը հիմնեց «Չորրորդ հանրապետություն» կուսակցությունը: 2012 թվականի գարնան վերջին ամռան սկզբին Ալեքսանդր Ափրահամյանի և նրա որդու՝ Էդուարդ Ափրահամյանի կողմից եղավ առաջարկ՝ մասնակցելու 2013 թվականին կայանալիք նախագահական ընտրություններին: Ես պատասխանեցի, որ դա լուրջ չէ, քանի որ այդպիսի քայլը պահանջում է քաղաքական լուրջ կապեր և ֆինանսական միջոցներ: Նրանք խոստացան, որ կարող են ապահովել այդ երկու խնդիրների լուծումները: Ալեքսանդր Ափրահամյանը պետք է ապահովեր իր արտասահմանյան կապերն ու հայկական բանակի իր ընկեր սպաների կապերը: Խոստացան նաև հոգալ բոլոր ֆինանսական ծախսերը:

Քարոզարշավի ժամանակ իմ շատ ծանոթներ և ազգականներ ու ընկերներ բազմիցս գալիս էին իմ նախընտրական շտաբ և վերցնում էին քարոզարշավի բուկլետներ ու տարածում էին Հայաստանով մեկ: Այդ նույն պատճառով էլ Նոր տարվա տոներից հետո ինձ մոտ եկան Սամվել Հարությունյանն ու Խաչատուր Պողոսյանը: Հետագայում  նրանք պարբերաբար գալիս և տանում էին նախընտրական գրականություն, որը, ինչպես պարզվեց հետագայում, ոչ մի տեղ էլ չէին տարածել, այլ լցրել էին Խաչատուր Պողոսյանի տանը…»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս