Բանավեճ Մարգարիտ Եսայանի ու Ալեքսանդր Արզումանյանի միջև՝ ՄԻՊ հանձնաժողովի նիստում (տեսանյութ)

ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովի նիստն անցավ բավական թեժ մթնոլորտում։ Նիստի ընթացքում հանձնաժողովի փոխնախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանը առաջարկեց այցելել զորամասեր, անձամբ  ծանոթանալ բանակի խնդիրներին, որևէ կերպ օգնել դրանց լուծմանը։ «Լիքը խնդիր կա այնտեղ, իսկ մենք ձեռքներս ծալած նստած ենք, գուցե մեր գնալով կզգաստանան, էլ չեն անի»,-ասաց Եսայանը։

Մարգարիտ Եսայանի առաջարկը հավանության չարժանացրեց ԱԺ պատգամավոր, ՀՀՇ անդամ Ալեքսանդր Արզումանյանը։ Նա նշեց, որ չի ցանկանում, որ նման այցերը լինեն ձևական. «Ձևական, գալոչկայի համար եկեք չանենք։ Խնդիր չկա, աջակցեք, բայց զոհված զինառայողների մայրեր կան, գնում են ցույց են անում, իսկ ՊՆ աշխատակիցները զոհված զինառայողների ծնողներրն հայհոյում են… Իսկ գնալ ձևական մի տեղ, ձևական գալոչկայի համար…»,-ասաց նա։

Մարգարիտ Եսայանն էլ հակադարձեց՝ նշելով, որ այցերը ձևական բնույթի չեն, և պետք է «ցավոտ թեմաներին» անդրադառնալ։ «Եկեք գնանք տեսնենք, թե ինչո՞ւ են հայհոյում։ Բայց չենք կարող ձեռքերս ծալած նստել. մենք հանձնաժողովի անդամներ ենք, գնանք աշխատենք»,-կրկնեց նա։

Ալեքսանդր Արզումանյանն ասաց, թե ինքը ձեռքերը ծալած չի նստում։ Մարգարիտ Եսայանն էլ զարմացավ, թե ինչո՞ւ է Ա. Արզումանյանը իր առաջարկը ձևական համարում և սրերով ընդունում։

Հանձնաժողովի նախագահ,  ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Էլինար Վարդանյանն էլ կոմպրոմիսային տարբերակ փորձեց գտնել, բայց բանավեճը շարունակվեց։ Ալեքսանդր Արզումանյանն էլ հիշեցրեց, որ իրենք բազմիցս այցելել են քրեակատարողական հիմնարկներ, սակայն իրենց այցերն այդպես էլ օգուտ չեն տվել։ «Գնաս ասես՝ ինչպիսի՞ն է վիճակը… ՔԿՀ էլ գնացինք, մեկին տեսա՞ր, որ ասեր՝ վատ է»,-հարցրեց նա։  «Բայց վա՞տ էր, մարդիկ իրենց մի քիչ թափ տվեցին չէ՞, այդպես որ լինի, պետք է նստենք ու ոչինչ չանենք։ Եկեք գնանք, մի հատ էլ աշխատենք, շարունակենք գործ անել, հետո՝ եթե մերժեն, կասենք՝ կառավարություն, ինչի՞ ես մերժում։ Ես Ձեր տրամաբանությունը չեմ հասկանում, գիտե՞ք»,-ասաց նա՝ դիմելով Արզումանյանին։

Վերջինս միջամտեց՝ նշելով, որ կառավարությունը մերժեց դատապարտյալների հետ կապված՝ հանձնաժողովի կողմից առաջարկված նախագիծը։ «Գրեցինք, թուղթ ուղարկեցինք, ոչ մի պատասխան։ Ինչո՞ւ հետևողական չեղաք։ Ձեր կառավարությունն էր, բա ինչո՞ւ չասացիք»,-հարցրեց նա ՀՀԿ-ական պատգամավորին։

«Իմ ու Ձեր ասելով, որ բաժանում եք, կարո՞ղ է կառավարությանը հորս տնից եմ բերել։ Մանդատը ստացանք, ո՞ւ… Առաջարկել ենք, մեզ մերժել են, ու խելոք նստել ենք։ Հիմա էլ ներկայացնենք, նորից, թող մերժի։ Այսինքն, եթե գիտեք մերժելու են, բան չանե՞նք, չգնա՞նք այդ մարդկանց լսենք։ Անենք չէ՞ մի բան»,-պնդեց Մ. Եսայանը՝ առաջարկելով վերադառնալ ՔԿՀ-ի խնդիրներին և քննարկել դրանք։

Տեսանյութեր

Լրահոս