Միասնական քննչական կոմիտեն՝ կիսատ կառույց. «ՀԺ»

«ՀԺ»-ն գրում է. ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի համար ստեղծվելիք Միասնական քննչական կոմիտեի մասին օրինագիծն ու կից օրենսդրական փաթեթն ի վերջո հասել է Ազգային ժողով: Սույն փաթեթը խորհրդարանում պետք է լիներ դեռ անցյալ տարեվերջից: Ավելին, ինչպես ժամանակին տեղեկացրել ենք, նախկին գլխավոր դատախազը պլանավորել էր, որ նոր կառույցը, որի ղեկավարի պաշտոնն իրենն է համարվում, պետք է սկսի գործել արդեն այս տարվա հունվարից: Բայց դրա ստեղծումը ոչ միայն շարունակ ձգձգվում էր, այլ դեռ անցյալ նոյեմբերին պարզ դարձավ, որ Աղվան Գառնիկիչի ծրագիրը լիարժեք չի իրականանա: Հիշեցնենք, ի սկզբանե խոսվում էր, որ այդ կառույցը, որն իրենից գերհզոր քննչական միասնական մի մարմին էր ներկայացնելու և պետք է ներառեր ՊՆ, Ոստիկանության, Պետական եկամուտների կոմիտեի և բոլոր կառույցների քննչական մարմինները, հիմա միայն ՊՆ և ոստիկանության քննչական մարմիններից է բաղկացած լինելու: Ընդհանրապես, երբեմնի խիստ ազդեցիկ Աղվան Հովսեփյանն արագ տեմպերով կորցնում է իր ազդեցությունը ոչ միայն քաղաքական շրջանակներում, այլ նաև իրավապահ համակարգում: Իհարկե, նախկին գլխավոր դատախազը Քննչական կոմիտեի մասին բավական տպավորիչ մի օրինագիծ է կառավարության անունից խորհրդարան ներկայացրել, որտեղ նոր ստեղծվելիք մարմնի աշխատակիցների և մասնավորապես իր համար մեծ աշխատավարձ է սահմանված, այդուհանդերձ, մի քանի բայցեր կան:Բացի այն, որ Գառնիկիչի պլանը լիարժեք չիրականացավ, իսկ մարմնի ստեղծումը բավական ձգձգվեց, նոր օրինագծով, որը վստահաբար կարելի է ասել, նախ` համաձայնեցվել է Սերժ Սարգսյանի հետ, նրան պաշտոնավարման շատ քիչ ժամանակ է տրվելու: Աղվան Հովսեփյանն արդեն 61 տարեկան է, իսկ ՀՀ Քննչական կոմիտեի մասին օրինագծով ՔԿ նախագահի պաշտոնավարման սահման է նշվել 65 տարին: Ու մինչ մարմինը ձևավորվի և սկսի լիարժեք գործել, Հովսեփյանն ընդամենը 3-3.5 տարի կկարողանա պաշտոնավարել այդ նոր պաշտոնում:
Ավելի մանրմասն կարդացեք «Հայկական Ժամանակի» այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս