Լյուքս Ստեփանյանի մայրը դատարանից պահանջեց Դավիթ Խաչատրյանին «մասսայական մահապատիժ, ծայրահեղ դեպքում՝ ցմահ ազատազրկում». aravot.am
Հունվարի 29-ին Իջեւանում, Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում կայացավ 2013թ.մայիսի 15-ին Նոյեմբերյանի զորամասում ժամկետային զինծառայող Լյուքս Ստեփանյանի սպանության գործով դատական նիստ: aravot.am-ի փոխանցմամբ՝ Լյուքս Ստեփանյանի իրավահաջորդի շահերը ներկայացնում էր հանրային պաշտպան Արմեն Սարգսյանը: Ամբաստանյալ Դավիթ Խաչատրյանին պաշտպանում էին փաստաբաններ Երեմ Սարգսյանը եւ Վաղինակ Գեւորգյանը: Քրեական գործով մեղադրանքը պաշտպանում են Լոռու զինվորական կայազորի դատախազի պաշտոնակատար Արթուր Զաքարյանը եւ նույն կայազորի դատախազության դատախազ Արթուր Անտոնյանը: Նիստի ընթացքում որպես վկա հարցաքննվեց Լյուքս Ստեփանյանի հայրը՝ Իշխան Ստեփանյանը:
Տուժողի իրավահաջորդ, Լյուքս Ստեփանյանի մայր Լուիզա Ստեփանյանը հայտարարել է, որ կարող է իր պահանջը դաժան թվալ, սակայն այն իր վշտից դաժան չէ, եւ դատարանից պահանջեց ամբաստանյալ Դավիթ Խաչատրյանին «մասսայական մահապատիժ, ծայրահեղ դեպքում ցմահ ազատազրկում»՝ հավելելով. «Տարին ինձ չի բավարարում, տարին ինչքան էլ տան, շուտ, աչքը թարթած դուրս է գալիս, մի հատ էլ գողականով, մի հատ էլ մատ թափ տալով»:
Իշխան Ստեփանյանը եւս դատարանից պահանջել է ամբաստանյալին ցմահ ազատազրկել: Դատական նիստում ցուցմունքներ տվեցին քրեական գործով 2 վկաներ՝ ժամկետային զինծառայողներ, Երեւանի բնակիչ Հրաչյա Մարգարյանը եւ Արմավիրի մարզի Գայ գյուղի բնակիչ Արշակ Պետրոսյանը: Նրանք պատմել են, որ 2013 թվականի մայիսի 15-ին, ժամը 15-ի սահմաններում, Նոյեմբերյանի տարածաշրջանում տեղակայված զորամասի ծխարան հանդիսացող տաղավարում զինվորական կանոնագրքի կանոններն են յուրացրել 4 զինծառայողներ՝ Լյուքս Ստեփանյանը, դատարանում որպես վկա հանդես եկած վերոհիշյալ 2 զինվորները եւ եւս մեկ զինվոր՝ Հրաչյա Սարգսյանը:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: