
Ստորագրվել է հայ-վրացական ռազմական համագործակցության 2014թ. ծրագիրը

Ս.թ. հունվարի 28-ից-29ը Հայաստանի Հանրապետությունում էր գտնվում Վրաստանի պաշտպանության նախարարի տեղակալ Միխեիլ Դարչիաշվիլիի գլխավորած պատվիրակությունը: Այցի ընթացքում պատվիրակությունը մասնակցել է ՀՀ զինված ուժերի կազմավորման 22-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներին: Վրաստանի պաշտպանության նախարարի տեղակալը հանդիպում է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դ.Տոնոյանի հետ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը:
Վրաստանի ՊՆ պատվիրակությանը ընդունել է նաև ՀՀ պաշտպանության նախարար Ս. Օհանյանը: Հանդիպումների ընթացքում քննարկվել են երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների միջև առկա համագործակցության մակարդակը ընդլայնելու հնարավորությունները, քննարկվել են նաև բազմակողմ շրջանակներում համագործակցության հեռանկարները:
Վրաստանի ՊՆ պատվիրակության այցի ընթացքում կողմերն ստորագրել են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և Վրաստանի պաշտպանության նախարարության միջև ռազմական համագործակցության 2014թ. ծրագիրը: Ծրագիրը ներառում է ինչպես կողմերի տարբեր մակարդակների պատվիրակությունների փոխադարձ այցելություններ, այնպես էլ համագործակցություն ու փորձի փոխանակում պաշտպանական քաղաքականության, խաղաղապահության, լեռնային պատրաստության, ռազմական կրթության, ռեսուրսների կառավարման և այլ բնագավառներում: