![](/banners/BeFunky-design.jpg)
«Ազատամարտիկն ուզում է հարգանքի արժանանալ ու կիսաքաղց չքնել». Փոքր Լևոն. medialab.am
![](https://168.am/wp-content/uploads/2014/01/Azatamartik-Levon.jpg)
Հայկական բանակի կազմավորման 22 ամյակի առթիվ հնչող շնորհավորանքների կողքին իրենց անտեսված են զգում հայրենիքի համար իրենց կյանքը տված զինծառայողների ընտանիքներն ու սոցիալական ծանր վիճակում ապրող ազատարմարտիկներից շատերը: «Հայաստանում մաքուր ազատամարտիկը ճնշված վիճակում է գտնվում՝ թե բարոյապես, թե սոցիալապես»,- «Մեդիալաբին» ասում է Մարտակերտի ու Շահումյանում մարտերին մասնակցած ազատամարտիկ Լևոն Կարապետյանը, ում ծառայակիցները կնքել են Փոքր Լևոն անունով:
Նա հաշմանդամ է, պատերազմում կորցրել է ձախ ոտքը, ապրում է սոցիալական դժվարին պայմաններում:
«Ստեղծված բարոյահոգեբանական մթնոլորտը վատ ազդեցություն է թողնում կռվողների վրա»,- ասում է նա:
Փոքր Լևոնի խոսքով՝ ազատամարտիկներն այսօր ճոխությունների չեն սպասում իշխանություններից, «պարզապես ուզում են սովորական հարգանքի արժանանալ, կիսաքաղց չքնել»:
«Մի քանիսը կան սուտ ազատամարտիկներ, ամեն ինչ ունեն, ես խոսում եմ իսկական կռվողների մասին: Մարդիկ կան, որ մեդալները շարել են, չեն հարցնում՝ մնացածի երեխեքը ո՞նց են քնում, ազատամարտիկի ուսանողների վարձերն ո՞վ է փակում: Այս անուշադրությունը կառավարական օղակներում պետք է վերանա, ոչ թե ցուցամոլությունը սովորություն դարձնեն: Ոնց որ թազա պսակված հարս լինեն իշխանավորները՝ հագնվում ու պճնվում են: Նախագահից սկսած բոլորը պճնված են, էն դեպքում, երբ ազատամարտիկները սոված են»,- «Մեդիալաբին» ասում է ազատամարտիկը:
Հիշեցնենք, որ 2013 թվականի ընթացքում ազատամարտիկները պարբերաբար նստացույցեր արեցին Ազատության հրապարակում՝ իշխանություններից պահանջելով լուծել իրենց սոցիալական խնդիրները:
Ազատամարտիկները վեց կետից բաղկացած պահանջներ էին ներկայացրել կառավարությանը՝ կամավոր ազատամարտիկների կարգավիճակի վերաբերյալ օրենքի ընդունում, իրենց անժամկետ հավելյալ թոշակի հատկացում՝ նվազագույն զամբյուղի չափով:
Պահանջներից մեկն էլ այն էր, որ պատերազմին մասնակցած և վիրավորված ազատամարտիկների հաշմանդամության թոշակը կրկնակի բարձրանար:
Ազատամարտիկները պահանջում էին նաև, որ իրենց ընտանիքների, ինչպես նաև զոհված ազատամարտիկների ընտանիքների անդամների համար սահմանվեն անվճար վիրահատություն, բուժօգնություն, ուսման և կոմունալ վճարների մասով զեղչեր: Այս պահանջները նախորդ տարի կառավարությունը լսեց, սակայն այդպես էլ չբավարարեց, հունվարից մոտ 15 տոկոսով բարձրացան միայն թոշակները:
Ազատամարտիկները նախորդ տարի նաև բողոքի ակցիաներ անցկացրեցին:
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:
Լուսանկարում` Լեւոն Կարապետյանը