Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղերձը Բանակի օրվա կապակցությամբ

Սիրելի հայրենակիցներ,

Այսօր մեր ժողովուրդը նշում է  Հայոց բանակի օրը:

Բանակ, որի ձևավորումը ճակատագրի բերումով ընթացավ պատմական մեր հայրենիքի մաս կազմող Արցախ աշխարհի ազատագրման համար մղվող մարտական գործողություններին զուգահեռ: Թերևս նաև դա է պատճառը, որ հաղթանակած մեր բանակն այսօր տարածաշրջանի ամենամարտունակ բանակի պատվաբեր համարումն ունի, իսկ նրա տոնը՝ մեր ժողովրդի ամենանվիրական տոներից մեկն է:

Բանակի կայացումն, անշուշտ, մեր անկախ պետության ամենանշանակալի ձեռքբերումներից մեկն է, որի բոլոր օղակների շնորհիվ է՝ լինի շարքային զինվոր թե հրամանատար,  որ այսօր կայուն իրավիճակ ու խաղաղություն է ոչ միայն մեր երկրում , այլև ողջ տարածաշրջանում: Եվ փառք ու պատիվ բոլոր ազատամարտիկներին, որ իրենց անշահախնդիր լուման բերեցին Հայոց բանակի կայացման գործում: Փառք նաև բոլոր այն նվիրյալների, ովքեր անձնվիրաբար մարտնչեցին ու կյանքի գնով վերանվաճեցին թե’ մեր պատմական հայրենիքի մի մասը, և թե’ Հայոց հաղթական բանակի համբավը։

Սիրելի զինվորներ, պարոնայք սպաներ,

Ձեզ էլ շնորհավորելով մաղթում եմ, որ ռազմական ձեր գիտելիքներն ու կարողությունները հնարավորինս ցուցաբերեք միայն զորավարժությունների ժամանակ՝ խաղաղ ու անամպ երկնքի ներքո: Քաջառողջություն, ուժ ու կորով ձեզ՝ հանուն հայրենիքի և մեր ժողովրդի անվտանգության ու բարօրության գիշեր ու զօր տարվող ձեր պատասխանատու և պատվաբեր ծառայության գործում։

Երևանի քաղաքապետ ՏԱՐՈՆ ՄԱՐԳԱՐՅԱՆ

 

Տեսանյութեր

Լրահոս