
Դավիթաշենում ծխահարված տղամարդը անօթևան է, որը նկուղում կրակ էր վառել տաքանալու համար (տեսանյութ). news.am

Դավիթաշեն 1-ին թաղամասի թիվ 49 շենքի նկուղում նախօրեին՝ հունվարի 24-ին, ծխից թունավորված և «Արմենիա» ԲԿ տեղափոխված 54-ամյա Հենրիկ Ասքանազյանը այսօր առավոտյան հիվանդանոցից դուրս է գրվել իր պահանջով: Այս մասին NEWS.am-ին ասել է «Արմենիա» ԲԿ-ի Թունավորումների բաժանմունքի բժշկուհի Ռոզա Գավաձյանը։
«Նրան այստեղ բերելիս գիտակցությունը տեղն էր: Նկուղում շմոլ գազ չի հայտնաբերվել, միայն ծխահարված էր: Շատ մրոտ էր, զգեստից էլ սուր արտահայտված ծխի հոտ էր գալիս: Երևի իր հավաքած թղթերը, կարդոններն է վառել որ տաքանա, դրանից էլ աղբը ծխահարվել, այրվել է»,- ասել է բժշկուհին:
49 շենքում, որի նկուղում արդեն 4-5 տարի գիշերում է Հենրիկ Ասքանազյանը, բնակիչները նրան հազվադեպ են տեսնում, քանի որ երեկոյան ուշ գալիս է և վաղ առավոտյան գնում։ Նախորդ գիշեր հարեւանները զգացել են, որ շենքով մեկ ծուխ է տարածվել եւ զանգել են հրշեջ ծառայություն։
«Մենք ենք ասել, որ կարող է՝ մեջը մարդ կա, նայեք, թե չէ տենց էլ մահանալու էր: Ինքն իր համար հանգիստ քնած էր, երբ հրշեջները մտան: Դուրս էին հանել, նստել ծխում էր, մինչև շտապ օգնություն կանչեցինք, եկան տարան հիվանդանոց»,- պատմել է շենքի բնակիչներից մեկը: